Խաչատրյանի ծննդյան օրը նրա գործերը կհնչեն Երևանի տարբեր հատվածներում

Armenpress 11:15, 3 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն իր հանրահռչակման գործառույթն իրականացնելիս օգտվում է նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններից, որոնք այսօր առավել արդիական են և մեծ պահանջարկ ունեն: Տուն-թանգարանը, համագործակցելով այս ոլորտում փորձառություն ունեցող   ԱՐԼՈՒՊԱ կազմակերպության հետ, իրականացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ տարբեր ծրագրեր թե՛ թանգարանում, և թե՛ թանգարանից դուրս: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, կգործարկվի տուն-թանգարանի և ԱՐԼՈՒՊԱ-ի նոր համատեղ նախագիծը:

Արամ Խաչատրյանի   ծննդյան օրվա առթիվ՝ հունիսի 6-ից երևանցիներին անակնկալներ են   սպասվում քաղաքի տարբեր հատվածներում: Այս անգամ տուն-թանգարանը և ԱՐԼՈՒՊԱ կազմակերպությունը հնարավորություն կտան ունկնդրել կոմպոզիտորի տասը ստեղծագործությունները:

Բջջայինում ներբեռնելով ԱՐԼՈՒՊԱ-ի անվճար հավելվածը և գտնվելով հավելվածի քարտեզում նշված վայրում՝ (օրինակ՝ Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, Ա. Խաչատրյանի հուշարձան, Խաչատրյան փողոց և այլն) կարելի է վայելել կոմպոզիտորի անմահ ստեղծագործությունները: Յուրաքանչյուր նշված կետում հնչում է մեկ ստեղծագործություն:   Հավելվածը հնարավորություն է տալիս նաև տեսանյութ նկարել և այն տեղադրել սոցիալական ցանցերում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am