Պարեկային ծառայություն կստեղծվի ՃՈ-ի և պարեկապահակային ծառայության փոխարեն

Armenpress 10:43, 3 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պարեկային ծառայություն ստեղծելու օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ոստիկանության մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի հեղինակը ՀՀ կառավարությունն է:

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր՝ պարեկային ծառայություն, որը կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը:

Պարեկային ծառայությունն իր էությամբ էականորեն տարբերվելու և փոխարինելու է այժմ գործող ոստիկանության երկու արտաքին ծառայություններին՝ պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանց 5-­ամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում:

Ծառայությունն առաջին փուլով գործարկվելու է Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը: Նոր պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, լրիվ նոր հագեցվածություն զենքի հատուկ միջոցներով, տրանսպորտային միջոցներով, տեխնիկական սարքավորումներով:

Նոր պարեկային ծառայության գործարկմանը զուգահեռ, այս ծառայության արդյունավետությունն ապահովելու նպատակով, ստեղծվելու է օպերատիվ կառավարման կենտրոն, որը զանգերի, ահազանգերի միասնական կառավարման գործառույթներից բացի, իրկանացնելու է նաև ոստիկանության արտաքին ուժերի կառավարման գործառույթներ՝ ապահովելով ստացված ահազանգերի արագ սպասարկումը, քաղաքացիներին պրոֆեսիոնալ աջակցության և խորհրդատվության տրամադրումը և այլն:

«Ոստիկանության մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարեու մասին օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց միաձայն՝ 112 «կողմ» ձայնով:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am