Գյումրիում շարունակվեց 20-ամյա մոր կողմից մանկահասակ երեխայի սպանության գործով դատական նիստը

Armenpress 19:29, 2 Հունիս, 2020

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՀՈւՆԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում մարտի 3-ին շարունակվեց Գյումրիում 20-ամյա մոր կողմից մանկահասակ երեխայի սպանության գործով դատական նիստը:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»-ը, մինչ վկաներին լսելը, դատարանը՝ նիստը նախագահող դատավոր՝ Ջոն  Հայրապետյանի գլխավորությամբ, լսեց տուժողի իրավահաջորդին` սպանված երեխայի հորը՝ Արթուր Ալեքսանյանին: Պատասխանելով մեղադրողի հարցերին, Արթուր Ալեքսանյանը տեղեկացրեց, որ ամեն ինչ սկսվեց կնոջ՝ Անի Մինասյանի՝ տանից հեռանալուց։

«Առաջին անգամ 1 շաբաթով երեխային թողեց ու գնաց, ոչ մի բան չասելով, այդ ժամանակ եղբոր տանն էր ապրում: Հետո հետ եկավ, ոչ մի բան չասեց: Այդ անգամ ներեցի, գիտեի, որ եղբոր տանն է եղել: Այդ ժամանակ երեխային մայրս էր նայում»,-պատմեց Արթուրը՝ տեղեկացնելով, որ  1 ամիս անց, արդեն երկրորդ անգամ է հեռացել, կրկին ոչ  մեկին ոչինչ չասելով ու թողնելով երեխային: Այդ ընթացքում, ըստ Արթուրի, Անիի եղբոր հետ փնտրել են ու ոչ մի տեղ չեն գտել, ապա, մեկ շաբաթ անց տատը զանգել ասել է, որ գտնվել է ու ապրում է մորաքրոջ տանը, սակայն որոշ ժամանակ անց, մորաքրոջ տանից տեղափոխվել ու ապրել է վարձով բնակարանում: «Այդ ընթացքում երեխային կրկին մայրս էր նայում, բայց զգալով որ երեխան մոր կարիք ունի ու հաշվի առնելով մայրիկիս առողջական վիճակը,  երեխայի հանձնեցինք մորը՝ պայմանավորվելով՝ շաբաթական 5 հազար դրամ գումար ու երեխային անհրաժեշտ հագուստով ու պարագաներով կապահովենք, բայց իրեն այլևս հետ չեմ ընդունի»,-նշեց տուժողի իրավահաջորդը՝ տեղեկացնելով, որ տանից երկրոդ անգամ գնալուց հետո Անին իր հետ վերցրել էր իր ողջ  ոսկեղենը:

Դատական հաջորդ նիստը ևս կշարունակվի վկաների լսումներով:

Ըստ մեղադրական եզրակացության, Անի Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. օգոստոսի 30-ին,ժ.22:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինաբար մանկահասակ դստերը` 16.09.2018թ. ծնված Գ.Ալեքսանյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, իր փաստացի բնակության վայրի բնակարանում կպչուն ժապավենով կապել է վերջինիս ձեռքերը և ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ, որից հետո նրան բնակարանից տեղափոխել և դրել է մոտակայքում` Շիրակացի փողոցում տեղակայված աղբարկղներից մեկի մեջ, ինչի հետևանքով երեխան մահացել է: 2019 թվականի օգոստոսի 31-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

2019 թվականի դեկտեմբերի 25-ին, կայացած  դռնբաց դատական նիստում  որոշվել էր մեղադրյալ Անի Աշոտի Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am