Փաշինյանը կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում երկու տարբերակ է առաջարկում

Armenpress 19:21, 2 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակում երկու տարբերակ է առաջարկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 2-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:

«Մենք այսօր կանգնած ենք հետևյալ հանգրվանի առաջ՝ կամ այն փաստի բերումով, որ կանոնները չեն պահպանվում, մենք գնում ենք նորից համատարած արգելափակումների, զուգորդելով դրանք պարետային ժամով, երկիրը ենթարկելով նոր տնտեսական և սոցիալական ցնցումների, կամ մենք միասին, իրար հետ համագործակցված հսկողության տակ ենք առնում այս իրավիճակը և շատ արագ արդյունքներ արձանագրում»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը հայտնեց, որ յուրաքանչյուրը պետք է դիրքորոշում հայտնի հետագա անելիքների վերաբերյալ:

Հունիսի 1-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ինքն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով, նրանց թեստերի պատասխանները դրական են: Վարչապետի ընտանիքը մեկուսացած է կառավարական առանձնատանը, Փաշինյանն աշխատանքը կիրականացնի առանձնատնից:

Հայաստանում հունիսի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10009 դեպք, որոնցից 3427-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6368 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  59 917 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 158 դեպք:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նորայր Շողիկյան

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am