Պատգամավորներն առաջարկում են վկային և տուժողին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորություն տալ

Armenpress 16:29, 2 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանն ու Արյուսակ Ջուլհակյանը:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ նախագծի նպատակն է իրավունք վերապահել վարույթ իրականացնող մարմնին հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին՝ նույն նախագծով սահմանված դեպքերում: Այդ այն դեպքերն են, երբ վկան կամ տուժողը առողջական վիճակի կամ տարիքի պատճառով չի կարող ներկայանալ քրեական վարույթ իրականացնող մարմին, անհրաժեշտ է ապահովել վկայի կամ տուժողի անվտանգությունը, հարցաքննության կատարումն անհնար է կամ անհրաժեշտ է ապահովել նախաքննության արդյունավետությունը:

Մարտի 6-ին «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 114 «կողմ» ձայնով:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am