Հակահամաճարակային անվտանգության միջոցառումներն առավել խստացվում են․ Ոստիկանություն

Armenpress 16:23, 2 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանությունը, տեսչական մարմիններն ու պետական մյուս կառույցները հանրապետության ողջ տարածքում իրականացնում են արտակարգ ռեժիմով ծառայություն։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, տեղակայվում են հսկիչ-անցակետեր, ամենօրյա ռեյդեր են իրականացվում մայրաքաղաքի տարբեր վարչական տարածքներում, փողոցներում ստուգվում են քաղաքացիների մոտ դիմակների առկայությունը, ստուգվում են տնտեսվարողները, սննդի հանրային օբյեկտները, ինքնամեկուսացման մեջ գտնվող անձինք և այլն։

«Այս պահից հակահամաճարակային անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումներն առավել խստացվելու են։ Յուրաքանչյուր օրինախախտ կենթարկվի օրենքով սահմանված պատասխանատվության։

Հարգելի՛ քաղաքացիներ, կոչ ենք անում պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները, կրել դիմակներ և պահպանել սոցիալական հեռավորություն։ Միասին անենք ամեն ինչ` համավարակի տարածումը կանխելու համար»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am