Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառում կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է

Armenpress 14:05, 2 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր վերաբերյալ գրառում կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ոստիկանության ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով»,- ասաց Ջանոյանը։

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հրապարակման տակ մի օգտատեր Ռևազյանին և նրա նորածին դստերն ուղղված ատելության խոսք պարունակող գրառում էր կատարել, որը հանրության շրջանում բացասական արձագանք էր ստացել։

Դատախազությունը Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր վերաբերյալ գրառումը ուղարկել էր ՀՀ ոստիկանություն։

Ատելության խոսքի դեմ պայքարի հարցում իրավապահ մարմինների գործունեության սկզբունքները և քրեական քաղաքականության ուղղությունները հասկանալու, ճիշտ կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը համապատասխան գրություններ էր հասցեագրել իրավապահ մարմիններին։ Նա դատապարտել էր և անընդունելի էր համարել անձի գրառումը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am