Պարետատունը քննարկում է դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը

Armenpress 19:28, 1 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը քննարկում է դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ոստիկանության և տեսչական մարմինների գործունեությունը ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, հանրապետությունում դեռ շատ են հակամահաճարակային կանոնները չպահպանող քաղաքացիները: Ոստիկանությունը 1232 տուգանք է արձանագրել, 134 օբյեկտ փակ է այս պահի դրությամբ: Ռեյդերը շարունակվելու են: Այսօր մենք քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը: Իհարկե, միայն քննարկումների արդյունքում որոշում կկայացվի»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նորից կոչ արեց պահել հակահամաճարակային կանոնները, ամենուրեք կրել դիմակ, առանց ախտահանման ձեռքերը դեմքին չմոտեցնել, պահել սոցիալական հեռավորություն:

Հայաստանում հանրային բաց վայրերում դիմակների առկայությունը, իսկ փակ վայրերում կրելը պարտադիր է:

Հայաստանում հունիսի 1-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպք, որոնցից 3402 -ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  58 668 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 139 դեպք: 

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am