ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա»-ին առաջարկում է անփոփոխ թողնել բնակչությանը վաճառվող գազի գինը

Armenpress 17:59, 1 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրել է «Գազպրոմ Արմենիա»-ի՝  գազի սակագները վերանայելու հայտն ու առաջարկել անփոփոխ թողնել բնակչությանը, այդ թվում՝ սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի գործող սակագինը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ հանձնաժողովի հրապարակած տեղեկանքից:

«Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել էր վաճառվող բնական գազի հազար խորանարդ մետրի գործող սակագինը թե բնակչության համար, և թե սոցիալապես անապահով ընտանիքների համար դարձնել 135 հազար 909.6 դրամ։ Սա այն դեպքում, երբ ներկայումս սոցիալապես անապահով ընտանիքների համար այդ սակագինը կազմում է 100 հազար դրամ, իսկ բնակչության համար՝ 139 հազար դրամ։ Հանձնաժողովն առաջարկել է անփոփոխ թողնել գործող սակագները։  

Գյուղատնտեսական ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածում վաճառվող բնական գազի համար գործող սակագինը հազար խմ-ի համար 212 դոլար է:  «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր դարձնել 283.14 դոլար, ՀԾԿՀ-ի առաջարկն է՝ 224 դոլարը: Նույն առաջարկներն են արվել գյուղատնտեսական ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածողների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող բնական գազի համար:

Ամսական մինչև 10 հազար խմ սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի համար գործող սակագինը 139 հազար դրամ է՝ հազար խմ-ի համար, «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել է սահմանել 135 հազար 909.6 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս առումով առաջարկ չի ներկայացրել: Իսկ ամսական 10 հազար խմ և ավել սպառում ունեցող սպառողների համար գործող սակագինը 242.1 դոլար է, «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է դարձնել  283.14 դոլար: Հանձնաժողովն այս մասով ևս առաջարկ չի արել:

Այսպիսով, սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռության գործող սակագինը հազար խմ-ի համար 255.06 դոլար է, «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է դարձնել 283.14 դոլար, իսկ ՀԾԿՀ-ն՝ 266.71 դոլար:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և վերջինիս «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից ապրիլի 1-ին հանձնաժողով էին ներկայացվել գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի փոխադրման, բնական գազի բաշխման և վերջնական սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտեր: Հունիսի 4-ին ժամը 14:00-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նշված հարցը նախատեսվում է աշխատանքային կարգով քննարկել սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների, հետաքրքրություն ցուցաբերած շահագրգիռ այլ անձանց և ընկերության ներկայացուցիչների հետ։

Հանձնաժողովը, հաշվի առնելով նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակը, վերը նշված քննարկմանը մասնակցելու նպատակով հետաքրքրություն ցուցաբերած անձանց խնդրում է մինչև հունիսի 3-ը ժամը 13:00 գրանցվել՝ իրենց տվյալները ներկայացնելով mmomjyan@psrc.am էլեկտրոնային փոստին կամ զանգահարելով (010)58-45-29 հեռախոսահամարին։

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am