Հեղափոխությունից հետո նոր տվյալներով վերաբացված գործով ընտրակեղծարարարության հաստատման դեպք է եղել

Armenpress 16:21, 1 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատախազության լիազորության շրջանակում հարուցված քրեական գործերով նախկինում եղել են դեպքեր, երբ ընտրակեղծարարության փաստ չի հաստատվել, սակայն 2018-ի քաղաքական փոփոխություններից հետո նոր տվյալներ են ձեռք բերել, դրանցով վերաբացվել է գործը, հաստատվել ընտրակեղծարարության դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ-ում՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե ինչ է արել Գլխավոր դատախազությունը վերջին առնվազն 20 տարիների ընտրական հանցագործողությունների վերաբերյալ:

«Սկսած 2012-2013 թթ ընտրություններից, համակարգման աշխատանքներ են իրականացվել, աշխատանքային խումբ է ձևավորվել: Օրենքով դատախազությանը վերապահված գործիքների շրջանակում իրականացվել են միջոցառումներ, հարուցվել են գործեր, ունեցել ենք դատապարտումներ և այլն: Ունեցել ենք նաև իրավիճակներ, երբ չեն հաստատվել ընտրակեղծարարության փաստեր:  Ունեցել ենք նաև դեպքեր, որ չեն հաստատվել,  բայց 2018-ին հանարապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո նոր տվյալներ են ձեռք բերվել, նոր տվյալներով վերաբացվել է գործը, հաստատվել է ընտրակեղծարարության դեպքը»,-ասաց Դավթյանը:

Նա նաև նշեց, որ դատախազությունն իր նախաձեռնությամբ ենթադրությունների հիման վրա ուսումնասիրություն իրականացնելու իրավասություն չունի:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am