1000х90.jpg (78 KB)

Հանցագործությունների ընդհանուր դեպքերը նախորդ տարի ավելացել են, իսկ մարդու դեմ ուղղվածները՝ նվազել

Armenpress 12:49, 1 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2019 թվականին ընդհանուր հանցագործության դեպքերի թիվն աճել է՝ հասնելով 26 հազար 850-ի, սակայն նվազել են մարդու դեպ ուղղված հանցագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝  «Հայաստանի Հանրապետության դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումն ԱԺ նիստում ներկայացնելիս:

«2019 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26 հազար 850 դեպք: Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 2172-ով կամ 8.8 տոկոսով»,-ասաց Դավթյանն ու ներկայացրեց այդ պատկերի վրա ազդեցություն ունեցած մի քանի էական գործոններ:

Նրա խոսքով՝ բարձրացել է իրավապահ մարմինների հետ քաղաքացիների համագործակցության մակարդակը: Բարեփոխվել է հանցագործների հաշվառման գործընթացը, անհամեմատ նվազել է ոստիկանության կողմից վիճակագրությունը բարելավելու մղումով դեպքեր թաքցնելու արատավոր պրակտիկան: «2008-2018 թթ. կտրվածքով ընդհանուր հանցագործությունների կազմում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռը տոկոսային արժեքով կազմել է 28.1 տոկոս, իսկ 2019-ին այն կազմել է 17.8 տոկոս: Հանցագործությունների թվի աճը հիմնականում պայմանավորվել է գողությունների, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերի աճով, ինչը, իհարկե, մտահոգիչ է: Վերջին 10 տարվա ընթացքում սեփականության դեմ ուղղված հանցագործություններն աճել են գրեթե 3 անգամ»,-ասաց Դավթյանը:

 Հանցագործության ընդհանուր կառուցվածքում շարունակվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռի նվազման միտումը՝ 20 տոկոսից իջել է 16 տոկոսի: Նախորդ տարվա համեմատությամբ մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը նվազել են 671-ով կամ 13.5 տոկոսով: Սակայն 12-ով կամ 34 տոկոսով աճ է արձանագրվել հանրային ամենամեծ վտանգավորություն ունեցող հանցատեսակով՝ սպանությունով: 2018-ին արձանագրվել է 35, իսկ 2019-ին՝ 47: 2018-ին արձանագրվել էր սպանության դեպքերի աննախադեպ ցածր ցուցանիշ: 2019-ին արձնագրված 47 դեպքերից 5-ը կատարված են եղել նախորդող տարիներին: «100 հազար բնակչին բաժին է ընկնում սպանության 1.6 դեպք, ինչը վերջին 10 տարիների տարեկան միջին ցուցանիշից ցածր է 0. 4 տոկոսով: 2019-ին հանցագործությունների վիճակարգությունը փաստում է, որ 100 հազար բնակչին բաժին է  հասնում 906 դեպք: Այս ցուցանիշով մեր երկիրը դրականորեն տարբերվում է ԱՊՀ երկրներից»,-ասաց Դավթյանը:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am