Հակաբիոտիկներն այլևս չեն օգտագործվի որպես կերային հավելում

Armenpress 11:13, 1 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես, բացառել հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 113 «կողմ» ձայնով: 

Ներկայում Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում հակաբիոտիկների կիրառումը կարգավորված չէ: Դրանք լայնորեն կիրառվում են անասնապահության ոլորտում՝ կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև աճի խթանման նպատակով: Դա պատճառ է հանդիսանում մարդկանց մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման համար: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը ներկայում հանդիսանում է համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր:

Նախագծով առաջարկվում է կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես, բացառել հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործելը: Կարող են օգտագործվել հակաբիոտիկներ՝ կենդանիների բուժման նպատակով,  բայց այն հաշվարկով, որ վերջնական արդյունքում ձվի, մսի, կաթի, կերի մեջ չհայտնաբերվեն հակաբիոտիկներ:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am