1000х90.jpg (78 KB)

Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով. անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

Armenpress 12:10, 31 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության որոշմամբ նախագիծ է մշակվել, ըստ որի 1—4—րդ դասարաններում գնահատական չի նշանակվելու։ Հանրակրթական ոլորտում աշակերտներին առնվազն 1—4 դասարաններում չգնահատելու վերաբերյալ որոշումը եւ նոր համակարգին անցումը, ըստ նախարար Արայիկ Հարությունյանի, երեխային կկապեն ոչ թե գնահատականի, այլ գիտելիքի եւ կրթության հետ։ Այն, որ տարրական դասարանում գնահատման համակարգն արդյունավետ չի աշխատում, հաստատել է նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ հաստատելով այն միտքը, որ պետք է սովորել գիտելիքի, այլ ոչ թե թվանշանի համար։ Նրա խոսքով, համակարգում խնդիրները շատ են։ Ինքն էլ ծնող լինելով՝ տեղյակ է, որ քիչ չեն իրավիճակները, երբ դպրոցներում գործածվող թվանշանները, առհասարակ, կապ չունեն կրթական գործընթացի հետ։

Անցումը նոր համակարգին, բնականաբար, դժգոհությունների տեղիք է տալիս նաեւ ծնողների շրջանում։ Մասնավորապես, ոմանք մտահոգված են, թե ինչպես են իրազեկվելու՝ երեխան գիտելիքների ինչ բազա ունի կամ կրթական ինչ մակարդակի վրա է։ Փոխարենը՝ կրթության ոլորտի պատասխանատուներն առաջարկում են ներդնել երեխաներին խրախուսելու նոր մեթոդներ, որոնք մշակել է պետք։

Առցանց ասուլիսի ժամանակ փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ հավելել էր, թե երեխաները պետք է համոզվեն, որ Հայաստանը դարձել է մի երկիր, որտեղ մարդկանց գնահատում են գիտելիքով, եւ որ շատ անգամ թվանշանի դերն ուռճացվում է։

Նկատենք, որ պետական կրթական հեղինակային ծրագրերով կրթություն իրականացնող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաների համար գնահատման այս համակարգը վաղուց արդեն նորամուծություն չէ։ Կրթահամալիրի Արեւելյան դպրոց—պարտեզի տնօրեն, կրթության փորձագետ Նաիրա Նիկողոսյանի դիտարկմամբ, կրթության բնագավառում գնահատումը շարունակական պրոցես է, սակայն պետք է տարանջատել միմյանցից գնահատանիշն ու գնահատումը։ Ըստ նրա, ողջունելի է տարրական դասարաններում այլընտրանքային գնահատման համակարգին անցումը, ինչն ունի մի շարք առավելություններ։

«Կրթության բնագավառում մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ գնահատանիշը սովորողի համար չդառնա գործիք, «զենք», այսինքն, կրթությունը նրա համար ոչ թե բեռ դառնա, այլ հաճույք։ Մենք պետք է կարողանանք կրթության գործունեության կազմակերպումն այնքան մոտեցնել սովորողի կյանքին, որ նա սկսի թվանշանի մասին չմտածել առհասարակ։ Գնահատման տարբեր արդյունավետ գործիքներ կան, եւ ցանկացած աշակերտ պետք է համոզված լինի, որ լավ սովորելու արդյունքում, անշուշտ, գնահատվելու է։ Պետք է երեխաների, ուսուցիչների մտածողությունը փոխվի։ Կրթահամալիրը գնահատման հեղինակային կարգ է մշակել, որն արդյունավետ գործարկվում է եւ նախատեսված է մինչեւ ավագ դպրոցի համար։ Գնահատման ցուցանիշներում ներառված են տարբեր գործիքներ, որոնք օգնում են սովորողին հասնել ինքնագնահատման եւ ինքնակրթության։ Բոլորս էլ անցել ենք խորհրդային դպրոցներով, սակայն մասնագետ ենք դարձել ինքնակրթության ճանապարհով»,–«ՀՀ» օրաթերթի հետ զրույցում նկատեց Նաիրա Նիկողոսյանը՝ հավելելով, որ մարդը թեեւ մասնագիտանում է գնահատման ճանապարհով, սական կրթությունը պետք է կազմակերպել այնպես, որ երեխայի համար ուսումը դառնա հաճելի պրոցես։

Նրա կարծիքով, ավանդական գնահատականները տարրական դասարանում չպետք է որպես զենք օգտագործել կամ կիրառել որպես պատժիչ գործիք, քանի որ կրթությունը մրցակցային դաշտ չէ, եւ յուրաքանչյուրը, լինելով անհատականություն, շարժվում է իր հնարավորություններին համահունչ։

«Ես գնահատանիշը երբեք որպես գործիք չեմ կիրառել։ Մանկավարժության մեջ գտնված են շատ այլընտրանքային գնահատման գործիքներ։ Հին գործիքներով հնարավոր չէ այսօրվա սերնդին ուսուցանել։ Կան մանկավարժներ, ովքեր գնահատման շատ հետաքրքիր մեթոդներ են մշակել։ Կարծում եմ, եղածը պետք է հավաքել, մեկտեղել, դրանց հիման վրա ուսումնասիրություններ կատարել, հասկանալ գնահատման նոր գործիքների կիրառման արդյունավետ ու անարդյունավետ կողմերը»,–ասաց կրթության փորձագետը՝ նշելով, որ աշակերտը ավելի հստակ կարող է իր գիտելիքի չափելիությունը հասկանալ։

Կրթության կազմակերպումը տարրական դպրոցում, նրա խոսքով, ավելի արդյունավետ կընթանա, եթե աշակերտին թվանշանով պատժելու փոխարեն խրախուսական գործիք կիրառվի։ Նաիրա Նիկողոսյանն անդրադարձավ նաեւ քննաշրջաններին՝ ասելով, որ դրանք միայն մտապահման կարողություններն են վեր հանում, բայց ոչ ստեղծագործական հմտությունները։ Երեխային չպետք է ծանրաբեռնել եւ ժամանակ վատնել մեխանիկական աշխատանքի վրա։ Կրթությունը որպես մշակույթ պետք է ունենա խրախուսման իր մեթոդը, խրախուսման մանկավարժությունն է այս պարագայում կարեւոր։ Նրա խոսքով, այս արմատական փոփոխությունը կրտսեր դպրոցում արդյունավետ գործընթաց է ու շատ սպասված։

 

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am