Ոստիկանությունը մեկ օրում մոտ 1300 անձի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման արձանագրություն

Armenpress 18:31, 30 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը կորոնավիրուսով պայմանավորված հակահամաճարակային կանոնները խախտելու համար վարչական իրավախախտման մոտ 1300 արձանագրություն է կազմել մեկ օրվա ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 30-ին ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ոստիկանությունը երեկ օրվա ընթացքում մոտ 1300 վարչական իրավախախտման արձանագրություն է կազմել, որոնք վերաբերվել են դիմակ կրելու կանոնների խախտման հանգամանքներին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ տեսչական մարմինները մոտ 87 կազմակերպության գործունեությունը դադարեցնելու առաջարկ են ներկայացրել պարետատանը ու այդ կազմակերպությունների գործունեությունը դադարեցվել է:

Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8927 դեպք, որոնցից 3317-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5435 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 57 հազար 81 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 127 դեպք:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am