«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը օրեր առաջ անցավ բնականոն աշխատանքի: Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ գործում է բացառապես գիտական բաժինը, ցուցասրահները փակ են:
«Մեզ համար մտահոգիչ էր այն, որ երկու ամիս շարունակ չէին մշակվում արխիվները, գիտական աշխատանքը կաթվածահար էր եղել: Թանգարանի կանոնադրական թիվ մեկ գործառույթը արխիվների մշակումն է: Այլ բան է, որ վերջին տարիներին բարի անուն վաստակեցինք մեր մշակութային միջոցառումներով»,- նշում է Կ. Վարդանյանը: Թանգարանի տնօրենը մտահոգված է` թանգարանի ցուցասրահների տոմսերի վաճառքից գոյացած գումարը փակում էր կառույցի ծախսերի մի մասը: Տոմսերի վաճառքով էին ձեռք բերում արխիվային տուփերը, ծրարները. «Սա լուրջ աշխատանք է, ամեն փաստաթուղթ իր կրիչը պետք է ունենա: Անհրաժեշտ նվազագույնը պետությունն ապահովում է, մնացյալը ինքդ պետք է ստեղծես: Իսկ մեր գործունեության շրջանակները որքան ընդլայնվում են, նույնքան ծախսն ավելանում է. էլէկտրաէներգիա, գազ, ինտերներտ: Այս խնդիրները դեռեւս լուծվում են անցած տարվա տոմսերի վաճառքի միջոցներով»:
Կ. Վարդանյանն ասում է` այս տարվա մասով չգիտի, թե երբ կվերականգնվեն այցելուների հոսքերը: Այդ միջոցներով էին ապահովում նաեւ գիտական բաժինների բնականոն աշխատանքը: Ցուցադրական հատվածը բացելու մասին դեռեւս խոսք չկա, այցելուներ չեն ընդունելու, դահլիճը փակ է»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։