Պաշտպանը մանրամասներ է ներկայացրել Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ

Armenpress 18:22, 29 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կապակցությամբ ճեպազրույց է կազմակերպել Քոչարյանի պաշտպանական թիմը և ներկայացրել ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքի կարևոր շեշտադրումները։

Անդրադառնալով ՍԴ-ի առաջին երկու հարցերին, որոնք վերաբերում էին իրավունքի որոշակիության սկզբունքին, Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նշեց, որ տպավորություն է ստեղծվել, թե ՄԻԵԴ-ը մերժել է հարցերը, սակայն իրականում դրանց պատասխանը տվել է երրորդ հարցի վերջին մասում։

«Այստեղ որոշակի տպավորություն է առաջացել, որ ՄԻԵԴ-ը Սահմանադրական դատարանի այս երկու հարցերին անդրադարձ չի կատարել, մերժել է և այլն։ Նման ձևակերպումներից պետք է զերծ մնալ, որովհետև առաջին և երկրորդ հարցերը վերաբերվում էին իրավական որոշակիության սկզբունքի պահաջներին և ՄԻԵԴ-ը դրան անդրադարձել է երրորդ կետում՝ խորհրդատվական կարծիքի եզրափակիչ մասում։ Այսինքն՝ այդ հարցերը անպատասխան չեն մնացել»,- ասաց Վարդևանյանը։

Խոսելով ՍԴ-ի երրորդ հարցի վերաբերյալ ՄԻԵԴ-ի անդրադարձին, այն է, թե կարո՞ղ է, արդյոք, ավելի բարձր իրավաբանական ուժ և վերացականության ավելի բարձր աստիճան ունեցող իրավական ակտերի որոշակի իրավադրույթներին հղում պարունակող և դրա ուժով հանցագործություն սահմանող քրեական օրենքը բավարարել որոշակիության, հասանելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները, Վարդևանյանը ասաց, որ շատերի մոտ հարց է առաջացել, թե ինչ է բլանկետային նորմը, որը օգտագործում է ՄԻԵԴ-ը խորհրդատվական կարծիք հայտնելիս։ «Բլանկետային նորմն այն ցանկացած նորմն է, որը քրեական օրենսգրքի մեջ չի, այլ մեկ այլ փաստաթղթի մեջ։ Օրինակ՝ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որի հիմնական նորմերը գտնվում են Սահմանդրության մեջ։ Այսինքն՝ Սահմանադրությունն է բլանկետային նորմը։ Եվրոպական դատարանը հստակ սահմանել է, որ բլանկետային նորմը կարող է կիրառելի և իրավաչափ լինել միայն այն դեպքում, եթե այն բավարար հստակ է և կանխատեսելի։ Այստեղ ինչն է շատ հետաքրքիր։ Պարզ է, որ մենք տվյալ դեպքում հստակության և կանխատեսելիության պահաջները առհասարակ չունենք 300․1 հոդվածի դեպքում»,- ասաց Վարդևանյանը։ Պաշտպանը ևս մեկ կարևոր հանգամանքը ընդգծեց Եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքից՝ այն արարքը, որը հանցագործություն է համարվում, պետք է լինի հստակ։ «300․1 հոդվածը նաև այս պահանջին չի բավարարում և սա կարելի է ասել նույնիսկ Եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքի նոր հանգամանքներից մեկն է, որ մեր կողմից հետագայում օգտագործվելու է։ Հետևաբար՝ այս պարագայում, երբ մենք խոսում ենք նորմի կանխատեսելիության հստակության մասին, պետք է նշել, որ 300․1 հոդվածը դրան չի բավարարում և չի համապատասխանում»,- ընդգծեց Վարդևանյանը։ Անդրադառնալով ՍԴ չորրորդ հարցին, որը վերաբերում է 300.1 հոդվածի հետադարձ կիրառմանը, Վարդևանյանը ասաց, որ եթե ՄԻԵԴ-ը չտեսներ խնդիր, պարզապես կնշեր, որ այստեղ խնդիր չկա։ «Այս մասը ուզում եմ, որ բոլորս հստակ պատկերացնենք՝ Եվրոպական դատարանը իր դիրքորոշումների ազատության մեջ որևէ խնդիր չունի, և եթե Եվրոպական դատարանը մի հարց վերլուծում է, այն էլ նման ծավալի փաստաթղթով, դա նշանակում է, որ այնտեղ կա խնդիր։ Եթե խնդիր չլիներ, Եվրոպական դատարանը նույնիսկ վարույթ չէր ընդունի։ Իսկ այսօր ունենք բավականին օգտակար որոշում, որտեղ հետադարձ ուժի մասով շատ հստակ նշվել է, որ չի կարող այն արարքը, որը ավելի խստացնող է, հետադարձ ուժ ունենալ։ Եվ նաև նշել է կանոն, թե ինչպես է պետք որոշել՝ հետադարձ ուժի կանոնը կիրառելի է, թե կիրառելի չէ։ Այսինքն՝ արդյոք քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, թե ոչ։ Պետք է ուշադրություն դարձնել ներպետական պրակտիկային՝ սա բառացի տեղ է գտած այս խորհրդատատվական կարծիքի մեջ»,- ասաց Վարդևանյանը։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով (այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը)։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am