Կառավարությունը կկիրառի վարչական լծակներ արտակարգ դրության օրերին հանրային վարքագծի փոփոխման համար

Armenpress 19:13, 28 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրում հաստատված արտակարգ դրության օրերին հանրային վարքագծի փոփոխության նպատակով նախատեսում է վարչական լծակներ կիրառել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր հույսը հանրային վարքագծի փոփոխությունն է, և այդ համատեքստում մենք կիառելու ենք վարչական լծակներ։ Վերջին օրերին գործարկել ենք անսպասելի ռեյդերի պրակտիկան։ Վարչական որոշակի շրջաններում, որոշակի համայնքներում, ոստիկանության տեսչական մարմինների և այլ ուժերի ներկայացուցիչներ մտնում են մի տարածք և ստուգում են, թե ինչքանով են պահպվում հակահամաճարակային կանոնները։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում դրանք արձանագրվում են ու փակվում են տարբեր ընկերություններ, ձեռնարկություններ, արգելվում է որոշակի ժամանակով նրանց գործունեությունը։ Դեռևս փակվում են 24 ժամով, սակայն չի բացառվում, որ կրկնակի խախտումներ հայտնաբերելու դեպքում կսկսենք ավելի երկար ժամանակով կիրառել պատժամիջոցներ, օրինակ՝ 3, 4 օրով կամ 1 շաբաթով»,- նշեց Փաշինյանը։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am