Կորոնավիրուսով վարակված անձանցից 316-ի վիճակը գնահատվում է ծանր, 53-ինը՝ ծայրահեղ ծանր

Armenpress 19:02, 28 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձնանցից 316-ի վիճակը գնահատվում է ծանր, 53-ինը՝ ծայրահեղ ծանր, իսկ արհեստական շնչառության սարքին միացված է 17 պացիենտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 28-ի ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այս պահի դրությամբ ունենք 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի, 53՝ ծայրահեղ ծանր, 17՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված քաղաքացի»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը հայտնեց, որ նախարարությունը շարունակում է ծավալել ինտենսիվ թերապիայի մահճակալային ֆոնդը:

«Մեկուկես ամսվա ընթացքում կունանենաք ևս հարյուր մահճակալ ինտենսիվ թերապիայի: Դրանցից 50-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»,և 50-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններում, որպես ամենամեծ ու բազմապրոֆիլ ԲԿ-ներ»,- նշեց նախարարը:

Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 54 931 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 113 դեպք:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նորայր Շողիկյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am