Երկնաքար կամ արհեստածին մարմին․ ի՞նչն էր լուսավորել հայաստանյան գիշերը մայիսի 28-ին

Armenpress 12:12, 28 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում երկնաքարի ընկնելու վերաբերյալ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Բյուրականի աստղադիտարանը փաստական տվյալներ չունեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԻ նախարարի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը հայտնեց, որ իրենք երկնաքարի ընկնելու վերաբերյալ ահազանգ են ստացել, սակայն չկա այն հետքը, որը պետք է լիներ երկնաքարի ընկնելուց հետո:

«Նորքի 6-րդ զանգվածից ահազանգ է եղել, որ ինչ-որ երկնաքար, լուսատու է անցել: Ահազանգողն այդպիսի բան է տեսել, բայց, ըստ տեղորոշման, դա եղել է Աշտարակի, Բյուրականի կողմում: Տարածքի պատկան մարմիններից հետաքրքրվել ենք, որևէ մեկը երկնաքարի ընկնելու վերաբերյալ փաստական տվյալ չունի, չկա հետքը, որը պետք է լիներ երկնաքարի ընկնելուց հետո»,- ասաց Զարգարյանը:

Սոցիալական ցանցերում մայիսի 28-ի գիշերը տարածված հավանական երկնաքարի ընկնելու տեսանյութը դիտելով՝ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ենթադրում է, որ տեսանյութում երևացողը փոքր երկնաքար է, սակայն կարող է լինել նաև արհեստածին մարմին:

Տեսանյութը՝ Զոհրաբ Եգանյանի ֆեյսբուքյան էջից

«Երկնային փոքր մարմինները մշտադիտարկման չեն ենթարկվում, ավելի խոշորները, որոնք վտանգ են ներկայացնում, շատ մեծ հեռավորությունների վրա անընդհատ հսկվում են: Փոքր երկնաքարեր միշտ կան: Տեսանյութը դիտելով կարելի է ենթադրել, որ երկնաքար է ընկել, երբ մի քանի սանտիմետր երկարությամբ երկնաքար է ընկնում, պայծառ լույս է թողնում: Մինչև չհայտնաբերվի, չի կարելի ասել, թե դա ինչ է: Երկրորդ այլընտրանքն արհեստածին որևէ հրթիռն է փոքր չափի, որը վթարի է ենթարկվել կամ պայթել է օդում ու մի կտորն ընկել է երկրի վրա»,- նշեց Միքայելյանը:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հրթիռի մի մասի ընկնելու վերաբերյալ մեր հարցին ի պատասխան նշեց միայն, որ նախարարությունն առանց զգուշացնելու գիշերային փորձարկումներ չի անում:

Համացանցում մայիսի 28-ի գիշերը տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է երկնային մարմինը մոտենում երկրին: Օգտատերերը նշում են, որ երկնային մարմինը երկնաքար է, որն ընկել է Հրազդան-Հանքավան հատվածում:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am