Երկրաշարժից փրկված ընտանիքը «Ազնավուր» հիմնադրամի ջանքերով նոր բնակարան է ստացել  

Armenpress 14:15, 26 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկար տարիներ ժամանակավոր կացարանում բնակվելուց հետո Մալխասյանների մեծ ընտանիքը «Ազնավուր» հիմնադրամից ստացավ իր նոր բնակարանի սեփականության վկայականն ու բանալին։

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամի մամուլի ծառայությունից, ընտանիքը ժամանակավոր կացարանում անցկացրել էր բազում ծանր, ցուրտ ու մութ տարիներ՝ առանց էլեկտրականության և պատշաճ ջեռուցման: Այժմ նրանք տեղափոխվել են իրենց նոր, ընդարձակ բնակարան՝ ետևում թողնելով երկրաշարժի և դրա հետևանքով տան կորստի հետ կապված ծանր հիշողությունները:

 Սիրանուշ Մալխասյանն ընդամենը 7 տարեկան էր, երբ ընտանիքը սկսեց ապրել այդ տնակում։ Այսօր արդեն 33-ամյա երիտասարդ կինը խոստովանում է, որ երբեք չի դադարել երազել և հավատալ, որ մի օր կունենա իր սեփական տունը: «Հիմա մենք վերջապես ունենք մեր սեփական բնակարանը, և դա այնպիսի մեծ երջանկություն է: Մենք անչափ ուրախ ենք, քանի որ արդեն կարող ենք հոգալ մեր երեխաների կարիքները, որպեսզի նրանք ունենան իրենց անհրաժեշտ ամեն ինչ, ունենան ավելի ուրախ մանկություն, քան մերն էր: Երբեք պետք չէ հուսահատվել, պետք է առաջ նայել և շարժվել առաջ, քանի որ Աստված մեծ է, և կան աշխարհում բարի մարդիկ»,- ասում է 1988-ի երկրաշարժից փրկված Սիրանուշ Մալխասյանը:

 Հավատարիմ մնալով հասարակության խոցելի խմբերին աջակցելու իր առաքելությանը՝ «Ազնավուր» հիմնադրամը և մեկ այլ բարեգործ, որը ցանկացել է անանուն մնալ, նոր տուն են նվիրել Մալխասյանների ընտանիքին: «Մեր երազանքները, նպատակներն ու ձգտումները հաճախ ուղղակիորեն կապված են մեր կյանքի որակի հետ: Երբ մարդիկ կենտրոնանում են միայն իրենց անցյալի խնդիրների և դժվարությունների վրա, դա հաճախ խանգարում է ապագայի հետ կապված նպատակներ սահմանել և արգելափակում դրանք իրագործելու հնարավորությունը։ Ողջ ունեցվածքը կորցրած մարդկանց համար մեծ երջանկություն է դարձյալ սեփական տանիքն ունենալ, և «Ազնավուր» հիմնադրամն ուրախ է աջակցել ևս մեկ ընտանիքի՝ ունենալու բարեկեցիկ ապագա: Կարիքավորներին աջակցելն ու նրանց ձայնը լսելի դարձնելը Շառլ Ազնավուրի համար հիմնարար արժեքներ էին, որոնք մենք պահպանում ենք ու տարածում»,-ընդգծել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը:

 «Ազնավուր» հիմնադրամը շնորհակալություն է հայտնում բոլոր այն աջակիցներին, որոնց ներդրումների շնորհիվ հնարավոր է դառնում վերաբնակեցման այս ծրագրի իրականացումը։ Հիմնադրամը կոչ է անում նոր գործընկերների միանալու այս նախաձեռնությանը՝ բարեկեցիկ ու արժանապատիվ միջավայր ապահովելու համար անբարենպաստ պայմաններում գտնվող հազարավոր մարդկանց։

 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրը եկավ Հայաստան՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու աղետից տուժած մարդկանց: Հաջորդ տարիներին նա շարունակեց աջակցել Հայաստանին իր հիմնած՝ «Ազնավուրը Հայաստանի համար» ասոցիացիայի միջոցով: Հետագայում իր որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ, ստեղծեց «Ազնավուր» հիմնադրամը՝ 1988-ին նախաձեռնած ծրագրերը շարունակելու և նոր նախագծեր իրականացնելու համար:

2018 թվականից սկսած ՝ «Ազնավուր» հիմնադրամը մեկնարկել է վերաբնակեցման ծրագիր Գյումրու՝ ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքների համար՝ բնակարաններով ապահովելով շուրջ հարյուր մարդու: Ծրագրի իրականացման գործում իրենց ներդրումն են ունեցել բազմաթիվ նվիրատուներ Հայաստանից և արտերկրից, որոնք այդպիսով միացել են Շառլ Ազնավուրի առաքելությանը:

«Ազնավուր» հիմնադրամը կշարունակի իրագործել սոցիալական և այլ ծրագրեր, որոնք ուղղված են խրախուսելու երիտասարդներին՝ ապրելու իրենց երկրում և աշխատելու հանուն նրա բարեկեցության:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am