Սա քաղաքականությունից դուրս է. Սիմոնյանը ընդդիմությանը COVID-19-ի հարցում միասնականության կոչ արեց

Armenpress 12:47, 26 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական, նաև արտախորհրդարանական ընդդիմությանը կոչ արեց նոր տեսակի կորոնավիրուսի հարցում միասնական դիրքորոշում ցուցաբերել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ մայիսի 26-ի նիստում իր ելույթում:

«Ես մի առաջարկ ունեմ, որը ոչ միայն վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը, այլ նաև արտախորհրդարանական ընդդիմությանը և քաղաքական դաշտում գործող բոլոր գործիչներին: Ակնհայտ է, որ պատերազմի, սահմանում կանգնած զինվորի հետ կապված որևէ մեկն այս դահլիճում կամ դահլիճից դուրս չի կարող այլ կարծիք ունենալ: Եվ այս պարագայում նույնպես մեր միասնականությունն է պետք, քանի որ մարդիկ են մահանում: Կարծում եմ, որ այս համավարակի հետ կապված մենք պետք է մշտապես միասնական դիրքորոշում ցուցաբերենք և, եթե դրա կարիքը կա, նույնիսկ ինչ-որ ֆորմատներ հասկանանք ու քննարկումներ անենք»,-ասաց Սիմոնյանը:

Նա շեշտեց՝ սա միասնական աղետ է: ԱԺ փոխնախագահը հորդորեց նաև դահլիճում գտնվող գործընկերներին՝ մտածել այդ ուղղությամբ և միասնական ինչ-որ գործողություններ ձեռնարկել այս «պատերազմական» իրավիճակում միասին քննարկելու, աշխատելու:

«Եվ մեզ համար ներքին ջենտլմենական պայմանավորվածություն ձեռք բերենք, որ կորոնավիրուսի հետ կապված բոլոր հարցերը, բոլոր խնդիրները «խաղից դուրս» կանոններ են, չի կարելի, և մենք մեզ թույլ չենք տալու դա քաղաքական որևիցե նպատակով օգտագործել: Կրկնում եմ՝ եկեք հասկանանք մի տարբերակ, իրար ձեռք մեկնենք, կորոնավիրուսի հետ կապված միասնական լուծումներ գտնելու, բոլորին օգնելու և զոհերից խուսափելու համար: Սա համաշխարհային աղետ է, և սա վերաբերում է բոլորիս, սա քաղաքականությունից դուրս է»,-ասաց պատգամավորը:

 Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7 402 դեպք, որոնցից 3 220-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 052 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  52 554 թեստավորում, արձանագրվել է մահվան 91 դեպք: 

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am