Բժիշկները փառահեղ աշխատանք են կատարում․ Շողիկյանի մեկուսացման օրերի ամփոփումը

Armenpress 20:52, 25 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսով վարակված ու արդեն բուժված՝ «Արմենպրես» լրատվական գործակալության լրագրող Նորայր Շողիկյանը 11 օր մեկուսացման մեջ գտնվելու ընթացքում միայն մեկ խնդիր է տեսել՝ մարդկանց հետ իրական շփման պակասը, սակայն նա այդ բացը լրացրել է իր հետ կատարվածի և տպավորությունների մասին օրագիր գրելով, բարեկամների, հարազատների և գործընկերների հետ վիրտուալ շփվելով։ Նորայրը այդ օրերի ընթացքում տեսել է, թե ինչպես են բժիկները անձնուրաց աշխատում և անկեղծորեն ուրախացել յուրաքանչյուր ապաքինված հիվանդի համար և տխրել՝  կորոնավիրուսի վարկման նոր դեպքերի մասին լսելով։ Շողիկյանի հետ խոսել ենք նաև իր օրագրի մասին, ինչ պլաններ ունի և կա արդյոք մտադրություն այն գրքի տեսքով տպել։

Հարցազրույց անելու ընթացքում Նորայրը դեռ չգիտեր կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը, սակայն ավելի ուշ, նա հայտնեց, որ թեստի պատասխանը բացասական է և անհամբեր սպասում է տուն գնալուն։

- Նորայր ջան, «Արմենպրես»-ի ամբողջ թիմը անհանգստանում է քեզ համար, ուստի չէի կարող այս հարցը չտալ։ Հենց հիմա ինչպե՞ս ես քեզ զգում, կա՞ն արդյոք գանգատներ։

- Շնորհակալություն, Կարեն։ Հիմա ինձ լավ եմ զգում, ախտանշաններ գրեթե չունեմ։ Առաջ ունեի չոր հազ, բարձր տաքություն՝ մինչև 37,7 աստիճան, հոտառության կորուստ, իսկ հիմա բուժման և դեղեր ընդունելու շնորհիվ հոտառությունս վերականգնվել է, տաքություն այլևս չունեմ, միայն մնացել է հազը, սակայն այն այլևս չոր չէ, փափկում է և հազվադեպ եմ հազում։ Այս պահին գրեթե դեղ չեմ ստանում՝ բուժման կուրսն ավարտվել է։ Չորս օր առաջ հանձնել եմ կորոնավիրուսի ախտորոշման երկրորդ թեստը, սպասում եմ պատասխանին։ Ասեմ նաև, որ հիվանդանոցից տեղափոխվել եմ հյուրանոց ու սպասում եմ բացասական պատասխանի։ Հույս ունեմ, որ թեստի պատասխանը բացասական կլինի։

- Իսկ բժիշկներն ի՞նչ են ասում։

- Բժիշկները դեռևս ոչինչ չեն ասում, թեստի պատասխանին եմ սպասում, անընդհատ իրենց հարցնում եմ, երբ իրենք զանգահարում են ջերմությունս իմանալու համար կամ երբ հեռավար սարքով գալիս չափում են։ Հարցնում եմ, թե ինչ նորություն կա թեստից, բժիշկները պատասխանում են, որ դեռևս թեստի պատասխանը չկա և դեռևս սպասողական վիճակի մեջ եմ, սպասում եմ թեստի պատասխանի։ Այս պահին որևէ բուժում չեմ ստանում, զուտ մեկուսացման մեջ եմ։ Հուսամ, որ շուտ կանցնի։

-Ամփոփ կարո՞ղ ես ներկայացնել, թե ինչպես են եղել պահման պայմանները, սնունդը ինչպիսին էր։

-Մայիսի 14-ին Երևանից ինձ տեղափոխեցին Արտաշատ բժշկական կենտրոն, մինչև մայիսի 21-ը՝ 7 օր, Արտաշատ բժշկական կենտրոնում եմ անցկացրել։ Այնտեղ դեղերով բուժում էի ստանում՝ վիտամին С, B1 ներերակային սրսկում էի ստանում, սրտի աշխատանքը և արյան խտությունը կարգավորող դեղեր էի ստանում՝ բուժումը այդպիսին էր։  Օրվա մեջ երեք անգամ սնունդ էին բերում՝ տալիս էին նախաճաշ, ճաշ և ընտրիք։ Բժիշկները բոլոր լավ էին վերաբերվում ոչ միայն ինձ, այլ մյուս հիվանդներին։ Ճիշտ է, հիվանդներին չէի տեսնում, բայց կողքի հիվանդասենյակներից ձայներ էի լսում։ Բժիշկներից գոհ եմ, որևէ խնդիր չի եղել, ցանկացած խնդրի դեպքում էլ, եթե օրինակ՝ ինձ վատ էի զգում, իրենց տեղեկացնում էի, միանգամից քայլեր էին ձեռնարկում, որպեսզի վիճակս կարգավորվի։ Դա կապված էր հիմնականում ջերմության բարձացման հետ, որովհետև ցերեկային և երեկոյան ժամերին շատ էր բարձրանում ջերմությունս և թուլություն էի զգում։ Հիմա տեղափոխվել եմ հյուրանոց, արդեն առողջական խնդիրներ չեն լինում։ Այստեղ էլի նույն ձևով երեք անգամ սնունդ են բերում՝ չգիտեմ կամավորներ են, թե բժիշկներ։ Գալիս են, ջերմությունս են չափում, բժիշկն էլ անընդհատ հեռախոսով ինձ հետ կապի մեջ է լինում և խնդրի դեպքում կարող եմ զանգահարել։ Ինքն էլ զանգահարում է, պարբերաբար տեղեկանում, թե ինչպես է ջերմությունս, բարձր է արդյոք, թե չէ, ուրիշ գանգատներ ունեմ, թե չէ։  Կարելի է ասել՝ միակ խնդիրը, որ այս օրերին նկատել եմ, մարդկային շփման պակասն է՝ հիվանդանոցում բժիշկներն անընդհատ մտնում էին և հարցնում, թե ինչպես եմ ինձ զգում, զրույցի էինք իրար հետ բռնվում առողջությանս մասին, իսկ հյուրանոցում ընդամենը 6 անգամ են դուռը թակում։ Ճիշտ է, աշխատանքի մեջ են և չեմ ասում, որ պետք է գան, նստեն կողքս, անընդհատ ինձ հետ լինեն, բայց վիրտուալ շփումը շատ է, իրական շփման կարոտ կա, որը հյուրանոցում չի լրացվում։

-Բժիկների մոտ զգացե՞լ ես հոգնածություն, չէ որ ամեն օր 300, 400 նոր դեպքեր են արձանագրվում։

-Հոգնածություն նկատել եմ հիվանդանոցում բժիկների մոտ։ Ճիշտ է, իրենք հատուկ հանդերձանքով էին, միայն իրենց աչքերն էին երևում, բայց աչքերի մեջ շատ մեծ հոգնածություն էր նկատվում, սակայն, երբ խոսում էի նրանց հետ ապաքինվածների և նոր հիվանդերի մասին, իրենց աչքերի մեջ նկատվում էր, որ իրենք անկեղծորեն ուրախանում էին այն ընթացքում, երբ խոսում էինք դուրս գրված և ապաքինված հիվանդների մասին և շատ տխրում էին, երբ ասում էին, որ նոր հիվանդներ պետք է գան։ Աչքերի մեջ, իհարկե, կար հոգնածություն։

-Այլ թեմաներից խոսու՞մ էիր բժիկների հետ։

-Այլ թեմաներից հիմնականում չենք խոսել, ուղղակի երբ գալիս էին, մտնում սենյակ՝ տեսնելու համար, թե ինչքան եմ հազում, բացի առողջականի վերաբերյալ, այլ թեմաներից էին հարցեր տալիս, որ այդ զրույցը մի փոքր ավելի երկար տևի՝ մոտ 5 րոպե, որպեսզի այդ ընթացքում հասկանան, թե ինչքան եմ հազում։ Վերջին օրը, երբ դուրս պետք է գրվեի հիվանդանոցից, բժիշկը եկավ, խոսեցինք մոտ հինգ րոպե և այդ ընթացքում երկու-երեք անգամ հազացի ու ասաց, որ նա էլ է տեսնում, որ վիճակս լավ է։

Ասաց, որ առաջին անգամ, երբ խոսում էինք, մեկ հարց էր տալիս, պատասխանելիս 8 անգամ հազում էի , հիմա 8 հարց է տալիս՝ մեկ անգամ եմ հազում։ Բժիկների հետ զրույցի ընթացքում տարբեր թեմաներից էինք խոսում, բայց հիմնականում կորոնավիրուսի հետ կապված։

-Քո ընդհանուր գնահատականը բժկական համակարգից, ի՞նչը ամենաշատը դուր եկավ, ի՞նչը  չեկավ։

-Բժիշկների պրոֆեսիոնալիզմի մեջ ևս մեկ անգամ համոզվեցի, կոնկրետ Արտաշատ բժշկական կենտրոնում։ Այստեղ շատ բանիմաց բժշկական անձնակազմ էր, հետազոտությունների ընթացքում տեսնում էի, թե ինչպես են վերաբերվում մյուս հիվանդներին։ Բոլորի նկատմամբ նույն տրամադրվածությունն էր և հոգատարությունն էր, չկային այսպես ասած արտոնյալ հիվանդներ կամ ոչ արտոնյալ հիվանդներ։ Իրոք, մեր բժիշկները արդեն երեք ամիս է փառահեղ աշխատանք են կատարում ու միայն շնորհակալություն է պետք հայտնել նրանց, որ կյանքը նաև շատ դեպքերում վտանգելով՝ հիվանդներին կողքին են և փորձում են կյանքեր փրկել։

-Նորայր, ի՞նչ խորհուրդ կտաս այն մարդկանց, ովքեր հավատում են դավադրության տեսություններին, ասում են՝ «կորոնավիրուս չկա, սաղ սուտ է»։

-Այս օրերին իմ մաշկի վրա էլ նկատեցի այդ դավադրության տեսություններին հավատալու այդ ֆենոմենը, որովհետև երբ օրագիրը հրապարակում եմ և այն հայտվում է տարբեր կայքերում, սոցիալական ցանցերում, շատ հաճախ հանդիպում եմ այնպիսի մեկնաբանությունների, որ կորոնավիրուսը սարքած է, ուղղակի անգիր արած խոսքեր են, որոնք արտասանում եմ, որ բացարձակ առողջ եմ, սա թատրոն է կամ որևէ այլ մեկնաբանություններ։ Չեմ արձագանքում նման մեկնաբանություններին, շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին են, նույնիսկ, եթե անգամ չեն հավատում, սակայն իրենց աջակցություն են հայտնում։ Այն մարդկանց, ովքեր չեն հավատում այս ամենին, ուղղակի կցանկանամ նրանց քաջ առողջություն և կխնդրեմ, որպեսզի հետևեն իրենց և իրենց շրջապատող մարդկանց առողջությանը։

-Մտադրություն ունե՞ս գրածդ օրագրերը հավաքել գրքի տեսքով։

- Երբ առաջին օրը նոր էի տեղափոխվել հիվանդանոց, «Ֆեյսբուք»-ի իմ էջում գրել էի վարակված լինելու մասին, տարբեր մարդիկ, հանրահայտ լրագրողներ իմ գրառման տակ գրել էին, որ կարելի է դրա մասին գրել, քանի որ հնարավորություն ունես քո աչքերով տեսնելու այդ ամենը։ Անկեղծ ասած, սկզբում միտք չկար օրագիր գրելու՝ առաջին մասը գրել եմ գիշերը, երբ նոր էի տեղափոխվում հիվանդանոց, չէի կարողանում համակերպվել այդ իրավիճակին, փորձեցի գոնե ինչ-որ կերպ զգացմունքներս դուրս հանել և հանձնեցի այն հեռախոսին՝ հեռախոսով էի գրում այդ ընթացքում։ Առաջին մասը գրեցի, կարծես շատ մեծ պահանջարկ ունեցավ ու բազմաթիվ մարդիկ հորդորում էին, որպեսզի շարունակեմ, որովհետև այս պահի դրությամբ եզակի մարդկանցից եմ, ով ներսից է այս ամենը տեսնում և գրում է այդ մասին։ Այս օրագիրը բոլորի համար է՝ այն մարդկանց համար, ովքեր հավատում են և այն մարդկանց համար, ովքեր չեն հավատում։ Շատերն էին ասում, որպեսզի շարունակեմ այս ամենը և առաջին մասից հետո եղավ երկրորդը, երրորդը և այսպես շարունակ։ Արդեն լույս է տեսել մաս վեցերորդը, այն մի փոքր դժվար ստացվեց, որովհետև մեկուսացման մեջ չէի էլ կարողանում գրել։ Իհարկե, ցանկություն կա շարունակելու և հուսով եմ՝ մաս 7-րդը կլինի վերջինը։ Հիմա արդեն այսպիսի մտածմուքներ կան, միգուցե մի փոքրիկ գրքույքի տեսքով կամ այլ տեսքով մի քիչ ավելի գեղարվեստական ոճ տանք, որովհետև շատ է լրագրության ոճը, և փորձենք տպագրել։ Ինձ թվում է՝ հետաքրքիր կլինի։

-Շատ հետաքրքիր կլինի, որովհետև Հայաստանում գրեթե չկա դեպք, որ լրագրողն առաջին դեմքով պատմի իր հետ կատարվածի և տպավարությունների մասին։ Շնորհակալություն։

Նորայր Շողիկյանը կորոնավիրուսով վարակված լինելու մասին հայտնել էր մայիսի 14-ին, այդ օրը նա «Շտապ օգնություն» ծառայության մեքենայով տեղափոխվել է բժշկական հաստատություն: Բուժմանը զուգահեռ Նորայր Շողիկյանը շարունակել է գրել, նա իր հետ կատարվածը ներկայացրել է «Կորոնավիրուսով վարակված լրագրողի օրագրից» շարքով: Բուժում ստանալուց հետո, երբ արդեն առողջական վիճակը բարելավվել է, տեղափոխվել է Երևանի հյուրանոցներից մեկը, որտեղ մի քանի օր մնալուց հետո հանձնել է կորոնավիրուսի ախտորոշման թեստ: Պատասխանը ուրախացնող է, այժմ Նորայր Շողիկյանը սպասում է տուն վերադարձին:

Կարեն Խաչատրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am