Նախագահի աշխատակազմը շարունակում է աջակցել տարեցներին ու սահմանամերձ համայնքների ընտանիքներին

Armenpress 20:28, 25 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ Հանրապետության նախագահի աշխատակազմը կորոնավիրուսի համավարակի ընթացքում շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերն՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես տարեցներին և սահմանամերձ համայնքների ընտանիքներին:

Օրերս նախագահ Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում մասնավորապես նշել էր, որ Չինաստանից ստացված բժշկական պարագաներից, որոնց մի մասը որպես նվեր ուղարկվել է հատուկ Հանրապետության նախագահի աշխատակազմին, այդ թվում՝ դիմակներ, նախագահի աշխատակազմը պետք է բաժանի մասնավորապես ծերանոցներին: Այս փուլում նախագահի աշխատակազմը պաշտպանիչ դիմակներ է բաժանել Երևանում, Գյումրիում և Շիրակի մարզի Ախուրյան համայնքում, ինչպես նաև Աբովյանում գործող տարեցների խնամքի հաստատություններին, «Առաքելություն Հայաստան» կազմակերպության՝ Երևանում և մարզերում գործող տարեցների խնամքի 21 կենտրոններին, ընդհանուր առմամբ, շուրջ 2000 տարեցների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարզերում հեռավար կրթությունը խրախուսելու նպատակով Հանրապետության նախագահի աշխատակազմը, նախագահի նախաձեռնությամբ և հանձնարարությամբ, շարունակում է համակարգչային տեխնիկա տրամադրել սահմանամերձ համայնքների դպրոցականներին: Այս անգամ պլանշետներ, սննդի փաթեթներ, առաջին անհրաժեշտության պարագաներ են ստացել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան, Կոթի, Դովեղ գյուղերի մի շարք ընտանիքներ:

Իսկ նույն մարզի Բերքաբեր գյուղում նախագահի աշխատակազմի «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնության ներկայացուցիչներն այցելել են Խուդավերդյանների ընտանիքին, որոնց տունը վնասվել էր ադրբեջանական կրակահերթերից: Նրանք նվերներ են հանձնել ընտանիքի փոքրիկներին և փոխանցել Արմեն Սարգսյանի գոտեպնդող խոսքը, որ նրանց խնդիրները Հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում են:

Նախագահի աշխատակազմի սոցիալական ծրագրերը շարունակական բնույթ ունեն: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am