Կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար պետք է անհատական բարձր պատասխանատվություն. վարչապետ

Armenpress 20:15, 25 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում մայիսի 25-ին աշխատանքներն է շարունակել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնաժողովի հերթական նիստը մեկնարկել է երկրում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրության, նրանց առողջական վիճակի, ընդհանուր համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ տվյալների ամփոփմամբ: Ներկայացվել է տեղեկատվություն համավարակի տարածումը կանխարգելող միջոցառումների ընթացքի մասին՝ անդրադարձ է եղել պարետատան սահմանած կանոնների պահպանման և պաշտպանիչ միջոցների կիրառման ուղղությամբ իրականացվող վերահսկողությանը, վարչական իրավախախտումների դեպքերին, անախտանիշ դեպքերի ինքնամեկուսացման ռեժիմի նկատմամբ հսկողությանը:  

Հաջորդիվ քննարկում է ծավալվել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու հետագա ռազմավարության և քայլերի շուրջ: Արծարծվել են առողջապահական համակարգի կարողությունների զարգացմանը և հանրային իրազեկվածության բարձրացմանը վերաբերող հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկներ:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար առաջնահերթ պետք է դրսևորել անհատական բարձր պատասխանատվություն և հետևել սահմանված կանոններին: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ներկայացնել առաջարկներ՝ նիստի շրջանակում արծարծված խնդիրների լուծման առնչությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am