ՀՀ և Չեռնոգորիայի նախագահներն անդրադարձել են ԵՄ հետ համագործակցության երկու երկրների փորձին

Armenpress 19:40, 25 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հետ:

Նախագահ Սարգսյանն իր ողջույններն է փոխանցել Միլո Ջուկանովիչին, որի ծրագրված պաշտոնական այցը Հայաստան հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի և Չեռնոգորիայի նախագահները տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի մասին, անդրադարձել դրա հետևանքով առաջացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարմանն ուղղված երկու երկրների ու միջազգային հանրության ջանքերին:

Նախագահները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է եղել Եվրամիության հետ համագործակցության Հայաստանի և Չեռնոգորիայի փորձին:

Նախագահ Սարգսյանն ու նախագահ Ջուկանովիչը կարևորել են նաև երկու բարեկամ երկրների միջև փոխհարաբերությունների խորացումը: Նշվել է, որ զարգացման մեծ ներուժ է առկա հատկապես ծառայությունների, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում: Այս համատեքստում անդրադարձ է եղել նաև Հայաստանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանելու հարցին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am