1000х90.jpg (78 KB)

Զոհրաբյանը կարագի գնաճ է նկատել. ՏՄՊՊՀ նախագահը վստահեցրեց՝ մեծ սպառում ունեցող կարագի գինը նվազել է

Armenpress 16:15, 25 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը վստահեցնում է, որ Հայաստանում ամենամեծ ծավալով սպառում ունեցող կարագի գինը անգամ կորոնավիրուսի օրերին չի բարձրացել, հակառակը՝ նվազել է: «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ Գևորգյանն այս մասին ասաց Ազգային ժողովում «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումներում՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը:

Զոհրաբյանը նշեց, որ կասկածի տակ է դնում կարագի գնանկման մասով Գեղամ Գևորգյանի հայտարարությունը: «Ես չգիտեմ, թե Ձեր ասածը կարագի որ բրենդին է վերաբերվում,բայց ես գնում եմ «Պրեզիդենտ» կարագ: 4700 դրամից այն դարձավ 5300 դրամ, 1 կգ-ն այս պահին 6000 դրամ է: Եթե Ձեզ համար սա գնանկում է, ինձ համար լուրջ աճ է»,-ասաց պատգամավորը: 

ՏՄՊՊՀ նախագահն արձագանեց: Նա նշեց՝ փաստում է և պատրաստ է հրապարակել ամենօրյա մոնտիորինգի արդյունքները: Վերցրել ենք ՀՀ-ում ամենաշատ սպառվող կարագը՝ «Նոր զելանդական» կարագը, և գները համեմատել ենք: Ընդ որում նույնիսկ համավարակի պարագայում պարենային շատ կարևոր նշանակություն ունեցող այս ապրանքի գինը իջել է: 3680 դրամով 1 կգ նոր զելանդական կարագը Հայաստանում ամենամեծ ծավալով է սպառվում»,-ասաց Գևորգյանը:

Անդրադառնալով «Պրեզիդենտ» կարագին՝ նա նշեց, որ այն սպառվում է ընդամենը 4 տոկոս և հանդիսանում է հանրապետությունում ամենաթանկ կարագը կամ գոնե ինքը դրանից թանկ կարագ չգիտի: Գևորգյանն ասաց՝ կա իհարկե գնի բարձրացում, բայց ոչ 6000 դրամի չափով: «Որոշ պրեմիում տեսակի սուպերմարկետներում կարող է այդ գինը լինել, բայց չենք կարող դրանով առաջնորդվել: Գինը մանրածախ շուկայում կազմում է 5860 դրամ՝ կիլոգրամի համար: Բայց մենք ներկայացնում ենք Հայաստանում 70 տոկոսից ավելի սպառում ունեցող կարագը, և ոչ թե 4 տոկոս սպառում ունեցող կարագը»,-ասաց Գևորգյանն ու նշեց՝ ընդ որում ՀՀ-ում 46 րտոկոս ավելի շատ կարագ է արտադրվել, քան նախկին տարիներում: 

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am