Ֆուտբոլիստները պետք է վերագտնեն ռիթմը. Վարդան Մինասյան

Armenpress 22:40, 23 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով, տևական դադարից հետո «Փյունիկ»-ի դեմ իր ֆուտբոլիստների ցուցադրած խաղն այն չէր, ինչը սպասում էր մարզչական շտաբը:

«Որակապես այս խաղը այն չէր, ինչ ուզում էինք: Սակայն դա բնական է: Դրականն այն է, որ հաղթեցինք և ունենք 3 միավոր: Պետք է շարունակենք աշխատանքը: Ֆուտբոլիստները ֆիզիկապես դեռ պատրաստ չեն, բայց նրանց մոտ հոգեբանական պահ էլ կա: Նրանք պետք է կարողանան նորից վերականգնել խաղային ռիթմը: Ֆուտբոլիստները հիմա չեն կարող անել այն, ինչ մենք նրանցից ուզում ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մինասյանը:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 18-րդ տուրի շրջանակներում «Փյունիկ»-ը մրցեց «Արարատ-Արմենիա»-ի հետ: Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի գործող չեմպիոնն ակնհայտ առավելություն ուներ և 10 րոպեի ընթացքում երեք գնդակ ուղարկեց «Փյունիկ»-ի դարպասը: «Արարատ-Արմենիա»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Օտուբանջոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Սանոնգոն:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am