Արոնյանը Նակամուրայի հետ երկրորդ պարտիայում կիսեց միավորը

Armenpress 20:12, 23 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի առցանց Lindores Abbey Rapid Challenge մրցաշարում կայացան քառորդ եզրափակչի երկրորդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը քառորդ եզրափակիչում Հիկարու Նակամուրան է: Երկրորդ տուրում Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 55-րդ քայլին շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը:  Մրցախաղում Արոնյանն ունի 1,5, իսկ Նակամուրան 0,5 միավոր: Գրոսմայստերները կանցկացնեն ևս երեք պարտիա:

Միաժամանակ ընթացքում մյուս խաղում մրցում են Չինաստանի երկու ներկայացուցիչ` Դին Լիժենը և Յու Յանգյին: Նրանց մրցախաղում հաշիվը 1:1 է:

Lindores Abbey Rapid Challenge-ը կազմակերպել է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մրցաշարը մեկնարկել է մայիսի 19-ին և կեզրափակվի հունիսի 3-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am