Ինչ ընթացակարգեր են տեղի ունենում, եթե հանրային տրանսպորտի վարորդը չի կատարում պարետի պահանջները

Armenpress 17:20, 23 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պարետի որոշմամբ սահմանված պահանջները հանրային տրանսպորտի վարորդի կողմից չկատարելու դեպքում տվյալ ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպության ղեկավարը սահմանված կարգով կարող է տուգանվել 100-300 հազար դրամի չափով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։

«Եթե այդ պահանջը խախտվել է ուղևորի կողմից, ապա տուգանքը նվազագագույն աշխատավարձի տասնապատիկի չափով է: Մեր հսկողության ընթացքում այս հինգ օրերի ընթացքում հիմնականում շեշտադրումը կատարել ենք կանխարգելիչ գործողությունների, իրազեկման աշխատանքների վրա: Վարորդներին կամ ուղևորին տուգանելը նպատակ չէ, այլ  կանխարգելիչ գործողության մի մասն է: Նշեմ, որ խախտումների դեպքում երթուղին կարող է դադարեցվել, մինչև որոշման պահանջը չի կատարվի»,-ասաց Գրիգորյանը։

ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը իր հերթին ներկայացրեց, թե ինչ ընթացակարգ է տեղի ունենում, եթե վարորդը չի պահպանում պարետի պահանջները․

«Առաջին հերթին ոստիկանության ծառայողի կողմից պահանջ է ներկայացվում շտկել խախտումը։ Ինչպես նշվեց պատասխանատվության է ենթարկվում ոչ թե տնտեսվարող սուբյեկտի մոտ գործունեություն իրականացնող վարորդը, այլ հենց տնտեսվարող սուբյեկտը։ Վարորդը պատասխանատվության է ենթարկվում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182․3 հոդվածի 2-րդ մասով, նախատեսվում է պատիժ՝ 100-ից 300 հազար դրամ։ Եթե վարորդի կողմից ոստիկանության պահանջը չկատարվի, ապա վարորդը անձնապես պատասխանատվության կենթարկվի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով, այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջի չկատարելը, որի դեպքում հնարավոր է իրականացնել վարչական ձերբակալում»։

Մայիսի 18-ից հանրային տրանսպորտը վերսկսել է իր աշխատանքը հատուկ ռեժիմով: ՀՀ պարետի որոշմամբ՝ տրանսպորտի աշխատանքի համար գործելու են հատուկ կանոններ՝ նվազեցնելու վարակի ռիսկը: Մասնավորապես, տրանսպորտային միջոցում պարտադիր պետք է գտնվել դիմակով: Արգելվում է նաև վերգետնյա տրանսպորտում կանգնած ուղևորներ տեղափոխելը՝ բացառությամբ տրոլեյբուսների։ Կանոնների խախտման դեպքում ոստիկանները կարող են կանգնեցնել հանրային տրանսպորտի միջոցը, իջեցնել ուղևորներին և մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ, որտեղ տուգանքի կենթարկվի վարորդը և/կամ ուղևորափոխադրող ընկերությունը: Վարորդները հրահանգ ունեն՝ կանոններին չհետևող ուղևորների առկայության դեպքում ընդհատել մեքենայի ընթացքը՝ մինչև խախտման վերացումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am