Հանրային տրանսպորտի 81 սուբյեկտի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն

Armenpress 16:43, 23 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հասարակական տրանսպորտի աշխատանքը վերսկսելու որոշումից հետո ուղևորափոխադրում իրականացնող 81 սուբյեկտի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսի կանխարգելման շրջանակերում ոստիկանության կողմից ուղևորափոխադրում իրականացնող սուբյեկտների վերահսկման աշխատաքները։

Էդգար Պետրոսյանը հիշեցրեց, որ պարետի նոր որոշմամբ՝ ծառայությունը վերակազմակերպվել է և այն իրականացվում է հետևյալ ձևաչափով՝ հետիոտն երթուղիներով և ավտոմեքենաներով պարեկային ծառայության կողմից շրջայցի միջոցով։

«Ուղևորափոխադրում իրականացնող 81 սուբյեկտի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, որից 34-ը տաքսիների նկատմամբ, 32 երթուղային տաքսիների նկատմամբ , 15-ը երթուղային ավտոբուսների և տրոլեյբուսների նկատմամբ, իսկ մետրոպոլիտենի նկատմամբ չի կազմվել»,- ասաց Պետրոսյանը։

Մայիսի 18-ից հանրային տրանսպորտը վերսկսսել է իր աշխատանքը հատուկ ռեժիմով: ՀՀ պարետի որոշմամբ՝ տրանսպորտի աշխատանքի համար գործելու են հատուկ կանոններ՝ նվազեցնելու վարակի ռիսկը: Մասնավորապես, տրանսպորտային միջոցում պարտադիր պետք է գտնվել դիմակով: Արգելվում է նաև վերգետնյա տրանսպորտում կանգնած ուղևորներ տեղափոխելը՝ բացառությամբ տրոլեյբուսների։ Կանոնների խախտման դեպքում ոստիկանները կարող են կանգնեցնել հանրային տրանսպորտի միջոցը, իջեցնել ուղևորներին և մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ, որտեղ տուգանքի կենթարկվի վարորդը և/կամ ուղևորափոխադրող ընկերությունը: Վարորդները հրահանգ ունեն՝ կանոններին չհետևող ուղևորների առկայության դեպքում ընդհատել մեքենայի ընթացքը՝ մինչև խախտման վերացումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am