Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում փաստաբան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակման դեպքով

Armenpress 12:05, 23 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակման դեպքով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ խոսել է Տիգրան Աթանեսյանի հետ, ով տեղի ունեցածը կապում է իր մասնագիտական գործունեության հետ:

«Այս հարցը պետք է լինի իրավապահ մարմինների կողմից առաջնահերթ պարզելու ենթակա հարց, քանի որ փաստաբանի մասնագիտական գործունեությունը գտնվում է օրենքի հատուկ պաշտպանության ներքո։

Տեղյակ եմ, որ Ոստիկանությունը ժամանել է ահազանգով, նախաձեռնվել է վարույթ և իրականացվում են գործողություններ: Մենք կապի մեջ կլինենք Ոստիկանության հետ:

Ցանկացած պարագայում է դատապարտելի երևույթը, որ նկարագրվում է հրապարակումներով ու փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից, առավել ևս, որ վերաբերում է ընտանիքի անդամների՝ կնոջ ու անչափահաս երեխաների ու այն էլ, երբ նրանք գտնվել են իրենց տանը»,-գրել է Թաթոյանը։

Տարածված տեղեկությունների համաձայն՝ մայիսի 21-ին հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա․ 4 տղամարդ փորձել են ներխուժել բնակարան։ Ըստ հրապարակումների՝ նշված անձինք հնչեցրել են սպառնալիքներ փաստաբանի հասցեին. տանն այդ պահին եղել են միայն փաստաբանի ընտանիքի անդամները՝ կինը և անչափահաս երեխաները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am