Պակիստանում ավիավթարի զոհերի թիվը հասել է 35-ի

Armenpress 19:00, 22 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Պակիստանի միջազգային ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների թիվը հասել է 35-ի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Էդհիի հիմնադրամի ներկայացուցիչ Սաադ Էդհին ասել է, որ իրենք աղետի վայրից 35 մարմին են փոխանցել տարբեր հիվանդանոցներ: Ավելի վաղ նա հայտնել էր, որ ինքնաթիռի կործանվելու վայրից տարհանել են 13 դի։

«ՌԻԱ Նովոստի»-ին Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցիչը հայտնել էր, որ Կարաչի օդանավակայանի մոտ վթարված օդանավում եղել է 91 ուղևոր։ Տեղի լրատվամիջոցները նա հայտնել են, որ Airbus A320-ի կործանման վայրում գտել են մի երեխայի, ով ողջ է եղել։ Երկրի հեռուստատեսություններից մեկի կադրերում երևում է մի տղամարդ, ով մի նորածնի է դուրս բերում ինքնաթիռի ընկնելու վայրից։ Դեպքի վայրում շարունակում են աշխատել արագ արձագանքման բանակային ուժերն ու հրշեջ բրիգադները։

«Պակիստանի միջազգային ավիաուղիներ»-ի ինքնաթիռն ընկել է Կարաչիից ոչ հեռու գտնվող բնակելի տների վրա։ Անհասկանալի պատճառով օդաչուն որոշել է հեռանալ երկրորդ շրջան, թեև քաղաքային օդանավակայանի երկու թռիչքուղիները պատրաստ էին վայրէջքի համար։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am