«Քաղաքականությունների մշակման հայ-վրացական հարթակը» առցանց քննարկումներ է կազմակերպել

Armenpress 18:40, 22 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Քաղաքականության մշակման հայ-վրացական հարթակ» ծրագրի շրջանակներում Քաղաքական դասընթացների Երևանի և Թբիլիսիի դպրոցները կազմակերպում են ֆոկուս խմբերի հանդիպումներ՝ կոռուպցիայի դեմ պայքարի, տուրիզմի` որպես տնտեսական աճի խթանի և խտրականությանը վերաբերող օրակարգերով: Երրորդ հանդիպումը, պայմանավորված համավարակի առաջացրած իրավիճակով, կազմակերպվեց առցանց ձևաչափով: Կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հայ-վրացական ֆոկուս խմբի քննարկումներն անցկացվեցին 2020 թվականի մայիսի 8-10-ը՝ առցանց պլատֆորմի միջոցով:

Եռօրյա առցանց քննարկումների ընթացքում Երևանի և Թբիլիսիի Քաղաքական դասընթացների դպրոցների 19 ներկայացուցչի մասնակցությամբ դիտարկումներ կատարվեցին Հայաստանում և Վրաստանում կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի գործնական քայլերի վերաբերյալ: Երիտասարդ առաջնորդների խումբը քննության առավ առկա բացերն ու մարտահրավերները, ընդգծելով կրթության և բնակչության իրազեկվածության աստիճանի բարձրացման կարևորությունը` հասարակություններում արդարության ընկալման հատատման և կոռուպցիայի նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» ըմբռնումների ամրակայման առումով: Մասնակիցները կարևորեցին լավագույն պրակտիկաների մասին տեղեկատվության փոխանակման և փոխհամագործակցության նոր եզրեր գտնելու անհրաժեշտությունը:

Հայ և վրացի փորձագետները ներկայացրեցին իրավիճակը, ազգային ռազմավարությունները, իրավական կարգավորումները, քաղաքականությունը և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ գործիքները: Քննարկվեցին տարբեր թեմաներ, ինչպիսիք են օրինակ` կոռուպցիայի սահմանումներն ու ձևերը, պետական և մասնավոր հատվածում կոռուպցիայի մեղմացման ռազմավարությունները. պայքարի լավագույն պրակտիկաներն ու նոր մոտեցումները, կոռուպցիայի հայտնաբերում և հետաքննություն, կոռուպցիան դատական համակարգում, Հայաստանում և Վրաստանում կոռուպցիայի համեմատական վերլուծություն. պատճառներ, հետևանքներ և լուծումներ:

Հայ-վրացական ֆոկուս խմբի քննարկումների արդյունքները կարտացոլվեն Քաղաքական դասընթացների Երևանի և Թբիլիսիի դպրոցների փորձագետների կոնկրետ գործողություններ բովանդակող առաջարկություններում, որոնք օգտակար կլինեն իշխանություններին` կանխելու և հայտնաբերելու միջոցով կոռուպցիոն ռիսկերը կառավարելու գործում: Առաջարկությունների փաթեթը կներկայացվի 2020 թվականի հունիսին:

«Քաղաքականության մշակման հայ-վրացական հարթակ» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության գործիքի արագ արձագանքման մեխանիզմի միջոցով: Ծրագիրն իրականացնում է Քաղաքական դասընթացների Երևանի դպրոցը Քաղաքական դասընթացների Թբիլիսիի դպրոցի հետ համագործակցաբար: Երկու կազմակերպությունն էլ Քաղաքական դասընթացների դպրոցների եվրոպական ասոցիացիայի ցանցի մաս են կազմում:

                                                    

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am