Տասնչորսերորդ միջոցառմամբ ուսման վարձի հատուցում է ստացել 2687 ուսանող և 758 կլինիկական օրդինատոր

Armenpress 18:27, 22 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառման շրջանակում պետությունն ուսման վարձի փոխհատուցում է տրամադրել 2687 ուսանողի և 758 կլինիկական օրդինատորի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ավարտական կուրսերում սովորող 1171 ուսանողի հատկացվել է ուսման վարձի 100% փոխհատուցում: Ոչ ավարտական կուրսերի 1516 ուսանողներ ստացել են ուսման վարձի 75% փոխհատուցում: Իսկ կլինիկական օրդինատուրայի 758 սովորողի տրամադրվել է փոխհատուցում՝ շուրջ 753 մլն 972 հազար դրամ գումարի չափով:

14-րդ միջոցառմամբ սահմանված ուսանողական վարկերի նոր պայմաններով սուբսիդավորման գործընթացի շրջանակում վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր և տրամադրվել համապատասխան ֆինանսական միջոցներ՝ իրականացնելու միջոցառումից բխող վարկերի նոր պայմաններով սուբսիդավորում:

Ծրագրի իրականացման համար ընտրված բանկերը, բուհերից ճշտելով ուսանողների միջին որակական գնահատականի վերաբերյալ տեղեկատվությունը, հանձնառություն են ստանձնել պատշաճ կերպով սպասարկել ուսանողական վարկերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am