1000х90.jpg (78 KB)

Ստեղծվել է «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդ

Armenpress 13:20, 22 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (այսուհետ՝ ԱՆԻՖ) կողմից հիմնադրված «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդը կօգնի մեղմել COVID-19-ի հետևանքով ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ ազդեցությունը տնտեսության վրա։  Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից, ՀՀ կառավարությունը մինչև 50 մլրդ ՀՀ դրամ (մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլար) կտեղաբաշխի ֆոնդում։

2020թ․ մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատվել է ԱՆԻՖ-ի դուստր ձեռնարկություն հանդիսացող՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդի գրանցումը։ Նորաստեղծ Ֆոնդի գործունեության նպատակը տնտեսության մեջ մասնավոր կապիտալի ներհոսքի խթանումն է և դրա միջոցով կապիտալի երկարաժամկետ և կայուն աճի ապահովումը՝ ներգրավելով մասնավոր կապիտալ, որն այլ պարագայում չէր ներդրվի COVID-19-ի արդյունքում ստեղծված անորոշության պայմաններում։

Ինչպես նշվում է Կառավարության տնտեսական ծրագրում, Ֆոնդը կհամաֆինանսավորի Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների ծրագրեր՝ ներդնելով 1-2 միլիոն ԱՄՆ դոլար կապիտալ յուրաքանչյուր ծրագրում։ Ծրագիրը նախատեսված է բացառապես Հայաստանում իրականացվող ներդրումների համար և պահանջում է, որ պետության կողմից յուրաքանչյուր ներդրումի դիմաց մասնավոր գործընկերոջ և առևտրային բանկի կողմից ներդրվի գումարի եռապատիկը։

«Քանի որ ամբողջ աշխարհի կառավարությունները եկել են այն եզրահանգման, որ  COVID-19-ի ազդեցությունը դեռ երկար ժամանակ է լինելու մեզ հետ, ՀՀ կառավարությունը ստեղծեց այս Ֆոնդը, նպատակ ունենալով մեղմել այն ռիսկերը, որոնց բախվում են գործարարները։ Բիզնես համայնքին ուղղված կոչը հստակ է՝ ՀՀ Կառավարությունը Ձեր կողքին է և պատրաստակամ կիսելու ռիսկի բեռը»,- նշեց ԱՆԻՖ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am