Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա առթիվ օպերային թատրոնն առցանց կցուցադրի «Լա բոհեմ» բալետը

Armenpress 11:35, 22 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ,  22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կոմպոզիտորի, բանաստեղծի, դերասանի և ի վերջո մեծ հայի՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 96-ամյակի կապակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացվի «Լա բոհեմ» բալետային ներկայացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`արվեստասերները ներկայացման տեսաձայնագրությունը կարելի է դիտել մայիսի 22-ին՝ ժամը 20։00-ին օպերային թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

Ներկայացումը բեմադրված է Ազնավուրի 12 երգի հիման վրա: Բալետը նրա կերպարի, անցած կյանքի ու զգացմունքների այլաբանությունն է:

«Լա բոհեմ»-ի սցենարի հեղինակ և բեմադրող խորեոգրաֆը Ռուդոլֆ Խառատյանն է, բեմադրության և զգեստների նկարիչը՝ Աստղիկ Ստեփանյանը: Ներկայացման մեջ զբաղված են  Գարեգին Բաբելյանը, Տաթևիկ Գրիգորյանը և այլք:

Տեսաձայնագրությունը հասանելի կլինի 24 ժամ։

«Լա բոհեմ» բալետային ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ազնավուրի ծննդյան օրվան նվիրված ներկայացման առաջնախաղին ներկա էր շանսոնյեն, որին հանդիսատեսը դիմավորեց հոտնկայս ծափողջյուններով և «բրավո» վանկարկումներով:

Անժելա Համբարձումյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am