«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Մի հերոսամարտի պատմություն

Armenpress 09:24, 22 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այսօր գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ Կոմանդոսի ծննդյան օրն է։ Շուշիի ազատագրում եւ Կոմանդոս․ այլեւս ժողովրդի ընկալումներում միասնական են այս հասկացությունները։ Շնորհավորենք գեներալին ծննդյան օրվա առթիվ եւ նրա հետ միասին վերհիշենք Շուշիի ազատագրման դրվագները եւս մեկ անգամ։

«Շուշիի ժամանակ,- հիշեց գեներալը,- վա-բանկ գնալ չէր կարելի: Կարող էինք շատ վատ վիճակում հայտնվել: Այդ ժամանակ հստակ գիտակցում կար` կամ պետք է պարտվենք, կամ հաղթենք: Չէիր կարող ասել, որ հաղթելը հեշտ է լինելու: Բայց գիտեիր, որ իրավունք չունես պարտվել: Մտածում էինք, որ Շուշիի ազատագրումը կտեւի 3-4 օր: Ու եթե 3-4 օրից չվերցնեինք, ապա պետք է շրջապատեինք, օղակի մեջ առնեինք քաղաքը: Ես եկա Հայաստան` ղեկավարության հետ գործողությունը համաձայնեցնելու: Ղեկավարությունը համաձայնեց, բայց հարցրեց՝ որքա՞ն զինվոր ունեմ, ադրբեջանցինե՞րը քանիսն են (այդ օրերին Կոմանդոսը ԼՂ զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր․- խմբ.)։ Այն ժամանակ Ղարաբաղում ընդհանուր առմամբ կար 6700 զինվոր, Շուշիի ազատագրման համար նախատեսել էինք 2500-ին։ Թեպետ, հետո բժիշկներ եւ այլք միացան ու թիվը հասավ 3000-ի: Իսկ ռազմական օրենքներով այդ տեղանքը ազատագրելու համար հարկավոր էր 7500-10 000 զինվոր: Զենքն էլ էր քիչ։ Բայց սպասել չէինք կարող: Շուշիից ամեն օր գնդակոծվում էին Ստեփանակերտն ու հարակից գյուղերը: Մայիսի 8-ի գիշերը ժամը 2.30-ին սկսեցինք ռմբակոծել թշնամու դիրքերը` «Գրադով», գնդացիրներով, ինչով, որ ունեինք: 26,5 ժամ հետո մտանք Շուշի...»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am