Սարգիս Ադամյանը գրեթե ապաքինվել է վնասվածքից

Armenpress 20:10, 21 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և գերմանական «Հոֆենհայմ»-ի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը գրեթե ապաքինվել է վնասվածքից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ֆուտբոլիստը հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության տված հարցազրույցում: «Արդեն ավելի լավ եմ զգում: Գրեթե ապաքինվել եմ վնասվածքից, բայց դեռ ժամանակ է պետք՝ հասկանալու, թե երբ  կկարողանամ թիմակիցներիս օգնել խաղադաշտում: Կարծում եմ՝ ֆուտբոլի վերադարձը ճիշտ որոշում էր։ Գերմանիան ֆուտբոլային երկիր է, մարդիկ ապրում են ֆուտբոլով։ Յուրաքանչյուր հանգստյան օր վերածվում է տոնի: Պետք է փոքր քայլերով վերադառնանք մեր բնականոն կյանքին: Այս տեսանկյունից ևս Բունդեսլիգայի վերադարձը համարում եմ արդարացված»,-ասել է Ադամյանը:

Հայ կիսապաշտպանի խոսքով` անցնող մրցաշրջանն իր համար դրական էր, քանի որ բազմաթիվ հանդիպումների է մասնակցել, գոլերի հեղինակ է դարձել թոփ ակումբների դեմ խաղում։

«Անպայման ուզում ենք հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Եվրոպա Լիգայում։ Գիտենք, որ հեշտ չի լինելու, սակայն պետք է փորձենք հաղթել մնացած խաղերում, որպեսզի զբաղեցնենք Եվրոպա Լիգայի ուղեգիր պարգևող 6-րդ կամ 7-րդ հորիզոնականը»,-ասել է նա:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am