Ըմբիշը չի կարող 1․5 մետր հեռավորության վրա գոտեմարտել․ ինչպե՞ս է լուծվելու պարապմունքների խնդիրը

Armenpress 15:38, 21 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը մտահոգված է՝ սահմանափակումներով պայմանավորված՝ ինչպե՞ս է կանոնակարգվելու սպորտի ոլորտը, մասնավորապես, ինչպե՞ս է լուծվելու ուսումնամարզական պարապմունքների խնդիրը։

Պատգամավորը հիշեցնում է, որ դեռեւս մայիսի սկզբին էր անդրադարձել այս խնդրին՝ ակնկալելով գործադիրի համապատասխան ոլորտը համակարգողի կողմից գործնական արձագանք։ Իր կողմից հնչեցված առաջարկությունները, ասում է, հիմնված են առկա խնդիրների վրա։

«Բազմաթիվ զանգեր եմ ստանում այն մասին, թե սպորտի մասով որ կարգավորումը ինչին է վերաբերում։ Մարզիկների, տնօրենների համար հստակ չէ, թե կարգավորումը ինչն է թույլ տալիս, ինչը՝ ոչ։ Օրինակ՝ հեռավորությունը պահպանելով՝ ըմբիշը չի կարող մարզվել։ Ծանրորդը կկարողանա, ըմբիշը հաստատ մեկ ու կես մետր հեռավորությունը պահելով չի կարող։ Լրացուցիչ հարցեր են առաջանում, որոնց պետք է պարզաբանումներ տալ»,–այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց Ա. Ջուլֆալակյանը։

Պատգամավորն անհրաժեշտ է համարում վերսկսել ուսումնամարզական պարապմունքները հետեւյալ սկզբունքով. «Ազգային հավաքականի մարզիկներին նախապես թեստավորեն, ապա խմբերով առանձնացնեն Դիլիջանի, Ծաղկաձորի հյուրանոցներում կամ օլիմպավանում։ Թույլ չտան հասարակության մուտքը այն տարածքներ, որտեղ ուսումնամարզական պարապմունքներ են իրականացնում թեստավորում անցած մարզիկները։ Հիշյալ վայրերը լինեն բացառապես մարզիկների հավաքատեղի։ Առօրյա մարզումներն անցկացվեն խիստ հսկողության տակ»։

Այս մոտեցմամբ աշխատելիս, ըստ Ա. Ջուլֆալակյանի, մեծապես կլուծվի ուսումնամարզական հավաքների խնդիրը։ Ուսումնամարզական պարապմունքների բնականոն ընթացքի մասով լրացուցիչ քննարկումներ կլինեն։ Կորոնավիրուսով պայմանավորված՝ մարզիկներն այլեւս մեկ վայրում միասնական պարապմունքներ չեն անում, իսկ այս ձեւաչափը, նրա խոսքերով, այդքան էլ արդյունավետ չէ։ «Որքան երկար պրոֆեսիոնալ մարզիկները չպարապեն, այդքան բարդ է լինելու կրկին լավ մարզավիճակի գալը։ Տարբեր երկրներում կարգավորումները տարբեր են։ Օրինակ՝ Բելառուսը չհայտարարեց կարանտին։ Կան երկրներ, որտեղ արդեն թույլ են տալիս մարզումներ իրականացնել։ Պետք է հասկանանք մի բան, եթե կարգավորումներ ենք անում եւ ուզում ենք խնդիր լուծել, պետք է ճիշտ անենք։ Իսկ այսպես աշխատելու համար անհրաժեշտ է համագործակցային մթնոլորտ ստեղծել, լսել ոլորտի մասնագետների կարծիքը։ Քննարկում լինի, որի ժամանակ, միգուցե, ծնվեն լավագույն տարբերակները։ Առավոտյան սպորտով զբաղվելու կարգավորումը 6-10-ը ընկած ժամանակահատվածն է, իսկ միգուցե որոշ մարդկանց համար երեկոյան 18։00-ից 22։00-ն է հարմար»,–նկատում է պատգամավորը։

Ա. Ջուլֆալակյանը, օրինակ, գտնում է, որ երեկոյան ավելի հարմար է, հատկապես այն անձանց համար, ովքեր աշխատում են։ Առավոտյան մարմինը, ըստ նրա, այդքան էլ պատրաստ չէ ծանր մարզումների։ Հակասական տեսակետներ են հնչում նաեւ մարզասրահների բացման առնչությամբ։ Օրինակ՝ եթե թույլ չեն տալիս հինգ հոգուց ավելի հանրային միջոցառումներ կազմակերպել, ապա այդ դեպքում ինչպե՞ս են բացվում այն մարզասրահները, որոնց ներսում կարող են մեծ թվով մարդիկ պարապել։ «Այս խնդիրները միայն սպորտի մասով չէ, որ առկա են։ Անորոշություն է նաեւ արվեստի եւ մշակույթի ոլորտում։ Այս բնագավառի մարդիկ եւս ուզում են հասկանալ՝ կարո՞ղ են իրենց խմբակների պարապմունքները սկսել, թե՞ ոչ։ Ինչու, օրինակ, կարելի է մանկապարտեզները բացել, իսկ 5-6 տարեկան երեխան չի կարող պարի գնալ»,–ասում է պատգամավորը։

Սահմանափակումների թուլացումից հետո, ըստ Ա. Ջուլֆալակյանի, վերահսկողությունը որոշակիորեն կբարդանա։ Այդուհանդերձ, վստահ է, որ կառավարությունը հաշվել է բոլոր հնարավոր ռիսկերը. «Չկա մի քաղաքական իշխող ուժ, որ ցանկանա ինքն իրեն վնասել։ Եթե արվեն քայլեր առանց հաշվարկների, հետո, բնական է, դա ի վնաս իրեն է գործելու։ Վստահ եմ, որ մեր կառավարությունը գնում է այս ուղղությամբ լավագույն մղումներով»։

Լիանա Սարգսյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am