1000х90.jpg (78 KB)

Հայաստանում կերամիկական սպասքի արտադրության ոլորտում կստեղծվի 162 նոր աշխատատեղ

Armenpress 11:07, 21 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը թույլատրեց «Չերամիզիա ինթերնեշնլ» ընկերությանն օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընկերությունը զբաղվելու է կերամիկական սպասքի արտադրությամբ (Կոտայքի մարզ)։ 

Ըստ հիմնավորման, ՍՊԸ-ն արդեն իրականացրել է 2.7 մլրդ դրամի կապիտալ ներդրում, նախատեսում է ևս 759 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 38 աշխատատեղ, կստեղծվի ևս 162 նոր աշխատատեղ` 150 հազար դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1 մլրդ 934 մլն դրամ, որից 96.7 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 918.6 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 918.6 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 759 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 38 մլն դրամ: «Չերամիզիա ինթերնեշնլ» ընկերությունը կառավարության որոշմամբ կօգտվի նաև ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնությունից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am