1000х90.jpg (78 KB)

Արա Խզմալյանի համոզմամբ՝ սահմանափակումները բացահայտում են մշակութային կառույցների ստեղծագործ միտքը

Armenpress 21:51, 20 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հավաստիացմամբ՝ կորոնավիրուսի տարածման պատճառով երկրում գործող սահմանափակումների պայմաններում մշակութային կառույցների աշխատանքը հնարավորություն է տալիս հասկանալ, թե որ կազմակերպություններն են առավել ստեղծարար, մրցունակ ու կենսունակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Խզմալյանն ասաց մայիսի 20-ին կազմակերպված «Թանգարանների կյանքը COVID19-ի օրերին» թեմայով վեբինարին:

 «Ես այն մարդկանցից եմ, որը մեծ ու դրական սպասելիքներ ունի ճգնաժամից: Հարցի դրամատիկ կողմը մարդկային կյանքին, առողջությանն է վերաբերում, իսկ մյուս կողմից մենք երազել անգամ չէինք կարող նման դադարի մասին, որը հնարավորություն տվեց վերագնահատելու մեր ունեցածն ու հասկանալու, թե ինչ մեծ արագությամբ են պատմության գիրկն անցնելու գործունեության հնամաշ ձևերը, և թե ինչ արագ են ի հայտ գալու նոր գաղափարները»,-նշեց Խզմալյանը:

Անդրադառնալով կատարողական արվեստին՝ Խզմալյանն ընդգծեց, որ դրա հետ կապված կան հավելյալ բարդություններ, քանի որ  գործ ունեն խմբային աշխատանքի հետ: Արդյունք ձևավորելու համար տասնյակ կամ հարյուրավոր մարդկանց աշխատանք է պետք:

«Հիմա մենք ինտենսիվ ուսումնասիրում ենք եվրոպական համանման կառույցներում փորձերի կազմակերպման եղանակները: Այս իմաստով գերմանացիներն են առաջամարտիկներ: Գերմանիայում մի շարք առողջապահական կազմակերպություններ, բժիշկներ սիմֆոնիկ նվագախմբերի ընդգրկմամբ լրջագույն փորձեր են իրականացրել և հիմա մշակել են նորմեր, թե ինչ պայմաններում են կարող գոյատևել և աշխատել կոլեկտիվները»,-պատմեց նա:

Ըստ փոխնախարարի՝ ստեղծված իրավիճակն ունի փիլիսոփայական, տնտեսական և մասնագիտական բաղադրիչներ, և ամենաբարդը խնդրի տնտեսական և մասնագիտական բաղադրիչներն են, որտեղ ինչպես բոլոր ճգնաժամային իրավիճակներում պետք է իրականացնել մտավոր, նյութական, տեխնիկական ռեսուրների կենտրոնացում:

«Մենք պետք է հասկանանք, որ  հանդիսատեսը, այցելուն մինչև կորոնավիրուսն այլ էր, հիմա՝ այլ:  Որպես ոլորտի պատասխանատուներ պետք է պատրաստ լինել բավարարել մարդկաց նոր պահանջները: Առաջիկայում անհրաժեշտ է լուրջ քննարկումներ ունենալ հասկանալու համար, թե ինչ համատեղ գեղարվեստական արդյունք կարող են ստեղծել ժամանակակից արվեստի ներկայացուցիչներն ու թանգարանային ոլորտի գործիչները,-շեշտեց փոխնախարարը:

Վեբինարնը նախաձեռնել  էին ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամները:

Անժելա Համբարձումյան

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am