«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․2020-ի արդյունավետ մեկնարկը կօգնի հաղթահարելու դժվարությունները

Armenpress 21:44, 20 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հանրապետության տնտեսական աճի ցուցանիշների վրա կորոնավիրուսի համավարակի  էական բացասական ազդեցություններ թողնելու  վերաբերյալ պնդումները քննարկման ենթակա չեն: Այսօր ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի մյուս երկրներում փորձագիտական հանրությունն զբաղված է երկրների տնտեսությունների անկման ցուցանիշների հաշվարկներով եւ կանխատեսումներով: Ըստ միջազգային դոնոր կազմակերպությունների կանխատեսումների, այս տարի մեր հանրապետության ՀՆԱ-ի անկումը մոտ է լինելու 2 տոկոսի ցուցանիշին: Սպասվում է, որ հարկային եկամուտները կնվազեն շուրջ 170 մլրդ դրամով եւ արդյունքում բյուջեի պակասուրդը կկազմի  324 մլրդ դրամ՝ «Բյուջեի մասին» օրենքով նախատեսված 161 միլիարդի փոխարեն:

Մեր երկրի տնտեսությունն այս իրականությանն է բախվել  այն դեպքում, երբ պետությունը տարին մեկնարկել էր դրական եւ խոստումնալից ցուցանիշներով: Այսպես, նախորդ տարվա  նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա հունվար-մարտ ամիսներին տնտեսական ակտիվությունը կազմել է 104 տոկոս: Ոլորտի գրեթե բոլոր հիմնական ճյուղերում արձանագրվել են աճի ցուցանիշներ, եւ  սա այն դեպքում, երբ արդեն մարտին տնտեսությունն արդեն փաստացի կրում էր համավարակի հետեւանքով ստեղծված ճգնաժամի ողջ ծանրությունը: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արդյունաբերական ապրանքների ծավալները նախորդ տարվա համամատ կազմել էին 108,7 տոկոս (աճը՝ 8.7 տոկոս): Վերջին տարիներին կայուն անկում գրանցող գյուղատնտեսության ոլորտում, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի, գրանցվել էր 4.5 տոկոս աճ: Ծառայությունների ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել էին  105.7 տոկոս, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 114.8 տոկոս»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am