ՊԵԿ-ը բացահայտել է Մարտունիում առանց լիցենզիայի  արտարժույթի առքուվաճառքի իրականացման դեպք

Armenpress 20:48, 20 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացման հերթական դեպքը, այս անգամ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Մասնավորապես, վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Մարտունի քաղաքում գործող բանկերից մեկի հարակից տարածքում, ֆիզիկական անձի կողմից իրականացվում են առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի  առքուվաճառքի  գործարքներ։ Ստացված տվյալներն իրացնելու նպատակով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ՊԵԿ աշխատակիցների վերահսկողության ներքո, արտարժույթի առքուվաճառաք իրականացնելուց անմիջապես հետո, բռնվել և բերման է ենթարկվել Մարտունի քաղաքի բնակիչ: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեծ քանակությամբ դրամական միջոցներ, այդ թվում՝ արտարժույթ։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ  ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:

ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը ևս մեկ անգամ  հորդորում  է քաղաքացիներին զերծ մնալ  առանց համապատասխան  թույլտվության  արտարժույթի առուվաճառքի գործարքներ կատարելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am