Լոնդոնը պատրաստ է ընդունել Euro-2020-ի խաղերը

Armenpress 20:38, 20 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնը պատրաստ է ընդունել Եվրո-2020-ի խաղերը, որոնք կկայանան հաջորդ տարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի մամուլի ծառայությունը: Նախօրեին անգլիական ԶԼՄ-ներում լուրեր էին հայտնվել, որ Լոնդոնը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հաջորդ տարի չի կարողանա ընդունել Եվրոպայի հոբելյանական առաջնության խմբային փուլի և եզրափակիչ հանդիպումները: Բայց կազմակերպիչները վստահեցրել են, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը կընդունի Եվրո-2020-ի հանդիպումները:

Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր, թե ուզում է, որ Եվրոպայի հոբելյանական առաջնությունն անցկացվի 12 քաղաքներում՝ անկախ նրանից, որ մրցաշարը հետաձգվել է մեկ տարով: Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին`հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում: 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am