Տարբեր երկրներից 170 արվեստագետ Բեթհովենի երաժշտությամբ խաղաղության կոչ է հղել աշխարհին
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 15 երկրի 170 արվեստագետ վիրտուալ հարթակում կատարել է Բեթհովենի չորրորդ սիմֆոնիայից մի հատված: Երգիչները, երաժիշտները արվեստի միջոցով աշխարհին դիմել են խաղաղության և բարեկամության կոչով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանից նախաձեռնությանը միացել են երաժիշտներ Արուսյակ Սահակյանը, Գոհար Պապոյանը և Ելենա Մինասյանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակութային կենտրոնից, հետևելով համավարակի պայմաններում արվեստագետների՝ վիրտուալ տիրույթում ակտիվ գործունեություն ծավալելու տենդենցներին՝ ԻԻՀ «Ռուդաքի» հիմնադրամը հրավիրել է արվեստագետների ամբողջ աշխարհից՝ հեռավար կերպով ձայնագրելու Բեթհովենի չորրորդ սիմֆոնիայից մի կտոր, որը խաղաղության և բարեկամության թեմային է նվիրված:
Բոլոր մասնակիցները մեծ ոգևորությամբ են միացել ծրագրին: