1000х90.jpg (78 KB)

Պարետատունը պարզաբանել է կրթական որոշ բնագավառներում սահմանափակումները

Armenpress 19:45, 19 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարետատունը պարզաբանել է կրթական գործունեության որոշ բնագավառներում գործող սահամանափակումները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Պարետատնից, վերջին օրերին տեղեկատվություն է ստացվում, որ 2020 թվականի մայիսի 14-ից տնտեսական սահմանափակումների մեղմացման շրջանակներում մի շարք մարզական  և այլ խմբակներ վերսկսել են իրենց գործունեությունը:

«Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 3-ի թիվ 63 որոշման համաձայն, շարունակում է ժամանակավորապես սահմանափակված լինել «85.5 Այլ կրթություն» հատվածը:

Պարզաբանման համար նշենք, որ «85.5 Այլ կրթություն»-ը ներառում է կրթական գործունեությունը հետևյալ բնագավառներում՝

Սպորտ

-     մարզադպրոցներում, սպորտային խմբակներում, շուրջօրյա մարզաճամբարներում տեսության դասավանդում և գործնական հմտությունների ուսուցում բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի, թեթև ատլետիկայի, լողի և այլ մարզաձևերում

-     հրահանգիչների, ուսուցիչների գործունեություն տարբեր մարզաձևերում

Ռազմամարզական, մարտարվեստի և այլ արտադպրոցական ուսուցում

-     ռազմական, մարտարվեստի, յոգայի խմբակների, կենտրոնների և համանման այլ կազմակերպությունների գործունեություն, նպատակաուղղված կիրառական գիտելիքների ձեռքբերմանը

Մշակույթ

-     արտադպրոցական դաստիարակություն և կրթական գործունեություն, որն ուղղված է տեսության դասավանդմանը և գործնական հմտությունների ուսուցմանը երաժշտությունում, գեղանկարչությունում, թատրոնի և արվեստի այլ ձևերում: Այստեղ ուսուցումը դիտվում է որպես հոբբի, հանգիստ և ինքնազարգացում: Այս ենթադասում ընդգրկվող կազմակերպություններն ուսուցման ավարտից հետո չեն տրամադրում մասնագիտական կրթության մասին դիպլոմ կամ աստիճան:

Մասնավորապես ներառում է`

-     երաժշտական, գործունեություն

-     մանկապատանեկան uտեղծագործական և գեղագիտական կենտրոնների գործունեություն

-     պարի դպրոցների (խմբակների) գործունեություն

-     թատերական դպրոցների (խմբակների) գործունեություն

-     լուսանկարչական դպրոցների (խմբակների) գործունեություն

Վարորդական դպրոցներ

-     Ավտոսիրողների վարորդական դպրոցների գործունեություն

-     օդային և ջրային տրանսպորտի, այդ թվում` առագաստանավերը, վարման ուսուցում (առանց մասնագիտական գործունեությամբ զբաղվելու համար արտոնագրերի և սերտիֆիկատների տրամադրման)

Այլ կրթություն

-     Հաշվապահական դասընթացներ  

-     Օտար լեզուների դասընթացներ

-     Համակարգչային դասընթացներ

-     Բարձրագույն և այլ ուսումնական հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ

-     Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ

Ներառում է մասնագիտական որակավորման բարձրացման, ուսուցման և նեղ մասնագիտական հմտությունների ձեռք բերման դասընթացներ, այլ կրթություն՝ չներառված ուրիշ խմբավորումներում, մասնավորապես՝

-     կրոնական ուսուցումը

-     ջրային փրկարարների ուսուցումը

-     գոյատևման վարժանքների ուսուցումը

-     հռետորական արվեստի ուսուցումը

-     արագ ընթերցման ուսուցումը

Հորդորում ենք զերծ մնալ արտակարգ դրության պայմաններում սահմանված կարգավորումները շրջանցելու և/կամ յուրովի մեկնաբանելու պրակտիկայից՝ հանուն մեր քաղաքացիների առողջության և անվտանգության պահպանման»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am