ԿԳՄՍՆ-ն ամփոփել է թաղիք, ժանյակ և կարպետ գործելու գիտելիքների ուսուցման ծրագիրը

Armenpress 19:27, 19 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային մրցութային ծրագրերի շրջանակում իրականացված «Մոռացված ավանդույթների՝ թաղիքագործության, ժանեկագործության և կարպետագործության արհեստագործական հմտությունների և տեսական գիտելիքների ուսուցում» ծրագրի շրջանակում՝ գործնական դասընթացների և ինտերակտիվ զրույցների միջոցով Արմավիրի մարզի Արաքս, Սարդարապատ, Բամբակաշատ, Մարգարա համայնքներում և «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ում շուրջ 120 մասնակիցներ ծանոթացել են հայկական հնագույն արհեստագործական հմտություններին, ձեռք են բերել տեխնիկական և ճանաչողական գիտելիքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ծրագրի իրականցման արդյունքում ապահովվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունն ու դրա արդիականացումը, թանգարանային ֆոնդի հանրայնացումը, բնակչության երիտասարդ տարիքային խմբի ներգրավումը մշակութային ժառանգության բնականոն փոխանցման գործում, ինչպես նաև թանգարանային որակյալ ու բազմազան ծառայությունների ստեղծումը:

«Ծրագրի ձեռքբերումներից են «Թաղիքագործության, ժանեկագործության և կարպետագործության մոռացվող ավանդույթների վերածնունդը» խորագրով գրքույկի հրատարակումը և դասընթացների վերաբերյալ երեք կարժամետրաժ տեսանյութերի պատրաստումը, որոնց կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով.Թաղիքագործություն, Ժանեկագործություն, Կարպետագործություն»,- նշված է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am