Փաշինյանը շնորհավորել է Բենյամին Նեթանյահուին Իսրայելի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

Armenpress 19:05, 19 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ  Նիկոլ Փաշինյանը շնորհավորել  է Բենյամին Նեթանյահուին Իսրայելի Պետության  վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր  կառավարություն կազմավորելու կապակցությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Իսրայելի Պետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր կառա­վարություն կազմավորելու կապակցությամբ։

Վստահ եմ, որ Ձեր գլխավորությամբ ձևավորված կոալիցիոն կառա­վա­րությունը շարունակելու է Իսրայելի զարգացման վերընթաց ուղին՝ ամրագրելով նոր հաջողություններ և ձեռքբերումներ։  

Հայաստանի Հանրապետության կառավարությունը շահագրգռված է շարունակելու քաղաքական երկխոսությունը և ակտիվ համագործակցությունը Իսրայելի նորակազմ կառավարության հետ՝ երկկողմ հարաբերությունների տար­բեր բնա­գա­վառներում, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում փոխ­գոր­ծակ­ցությունն առավել խորացնելու և ամրապնդելու համար։

Լիահույս եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք համալրել և հարստաց­նել հայ-իսրայելական գործակցության օրակարգը և զարգացնել փոխ­շահավետ գործընկերային հարաբերություններ՝ ի նպաստ մեր երկրների և ժողո­վուրդների բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իսրայելի բարե­կամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am