Էդուարդ Աղաջանյանը տեսազրույց է ունեցել ԲԿԳ տնօրեն Սանջեյ Պրադանի հետ

Armenpress 18:56, 19 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տեսազրույց է ունեցել «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության (ԲԿԳ) տնօրեն Սանջեյ Պրադանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է Covid-19 շրջանակում կառավարության կողմից իրականացվող սոցիալ-տնտեսական, կրթական և առողջապահական միջոցառումները և դրանց իրականացման փուլում առաջացած թափանցիկության, հասանելիության ու փոխադարձ վստահության խնդիրները։

ԲԿԳ տնօրեն Սանջեյ Պրադանը խոսել է Covid-19 շրջանակում այլ կառավարությունների կողմից իրականացված հաջողված ժողովրդավարական մոդելների մասին՝ գնումների «Open Data» ձևաչափի և հրապարակային գործընթացի, միջոցառումների վերաբերյալ ժամանակին տեղեկատվության հասանելիության, Էլեկտրոնային ժողովրդավարական գործիքների հասանելիության և կառավարության նկատմամբ վստահության մասին։

Քննարկման ընթացքում երկուստեք համաձայնել են, որ համաճարակի ընթացքում հաջողել են այն երկրների կառավարությունները, որոնք  գործել են առավել բաց և թափանցիկ, ուստի կարևորվել է «Բաց կառավարման» սկզբունքների դերը համաշխարհային մարտահրավերի հաղթահարման շրջանակում։

Կողմերը պայմանավորվել են համագործակցել համաճարակի շրջանում Հայաստանի փորձը ներկայացնելու, ինչպես նաև՝ գործընկեր երկրների հաջողված մեխանիզմները տեղայնացնելու, տեխնիկական և ֆինանսական աջակցության մասին։

           



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am