1000х90.jpg (78 KB)

Մի քանի դեպքով թաղումները դարձել են բռնկման պատճառ. վարչապետը հորդորեց խստագույնս պահել կանոնները

Armenpress 18:27, 19 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի տարածման առումով շարունակում է խնդրահարույց մնալ թաղման արարողություններին մարդկանց մասնակցությունն՝ առանց անհրաժեշտ կանոնների պահպանման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց «Ֆեյսբուք»-ի իր ուղիղ եթերում:

«Կոչ եմ անում, խնդրում եմ պահանջում եմ, որ պարետատան պահանջները խստորեն պահպանվեն՝ սկսած թաղումներից: Ամենամեծ խնդիրն այն է, որ հատկապես համայնքներում, տեղ-տեղ՝ նաև Երևանում, թաղումներն իրականացվում են այնպես, կարծես ոչ մի բան չի կատարվել: Եվ մենք արդեն դեպքեր ունենք, որ թաղումները դառնում են համատարած բռնկումների պատճառ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝ առանձնահատուկ պետք է հետևել նաև, որ բանկերը, խանութները, դեղատները, որտեղ հաճախորդների մեծ հոսք կա, պահպանեն հերթի որոշակի կանոններ, որպեսզի սոցիալական հեռավորությունը պահպանվի: Փակ տարածքներ, հասարակական տրանսպորտ առանց դիմակի որևէ մեկն իրավունք չունի մտնել:

Փաշինյանը շեշտեց՝ պետությունը կիրառելու է լուրջ միջոցներ, տուգանելու և գանձելու են այդ գումարները, որովհետև սա ազգային անվտանգության և կանոնները պահպանելու հարց է: «Խնդրում եմ ձեզ, կոչ եմ անում ամենայն լրջությամբ վերաբերվել այս իրավիճակին: Եթե այս իրավիճակը չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք 10 հազար դեպք, հունիսի 12-ին՝ 20 հազար դեպք: Իսկ հունիսի վերջին կունենանք մոտ 30 հազար դեպք, սրանից բխող հետևանքներով, բազմաթիվ, հարյուրավոր մահերով: Բայց մենք հնարավորություն ունենք նման զարգացում թույլ չտալու: Եվ սա կախված է մեզնից յուրաքանչյուրի անհատական պահվածքից»,-ասաց Փաշինյանը:

Հայաստանում մայիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5041 դեպք, որոնցից 2164-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2788 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  43 041 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 64 դեպք: 

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am